Վալանսի քաղաքապետը դարձել է Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակի արդեն 30-րդ անդամը

17:11 • 21.11.14

Ֆրանսիայի Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը նոյեմբերի 17-ին հայտարարել է Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակին անդամակցելու իր որոշման մասին: 

Այս մասին հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

Հայտարարության մեջ Նիկոլա Դարագոնը նշել է, որ Վալանսն իր ներդրումը կունենա Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակի կողմից իրականացվող ժողովրդական դիվանագիտության մեջ: 

Վալանսի քաղաքապետը նաև ընդգծել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության անհնարին է կարգավորել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը և նշել, որ խաղաղությանն ու ժողովրդավարությանն ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձգտումն արդար է: 

Նիկոլա Դարագոնը նաև հայտնել է Վալանսի և Ստեփանակերտի միջև Բարեկամության հռչակագրի ստորագրելու իր մտադրության մասին: 

Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակը ստեղծվել է 2013 թ-ի մարտի 19-ին, որին անդամակցում են քաղաքական գործիչներ, Խորհրդարանի պատգամավորներ և սենատորներ։ Նիկոլա Դարագոնը դարձել է Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակի 30-րդ անդամը։