Վենետիկը պատերազմ է հայտարարում աղմկոտ ճամպրուկների դեմ
Իր հավերժական նեղլիկ փողոցների խաղաղ լռությամբ հայտնի Վենետիկը պատրաստվում է է՛լ ավելի խաղաղ դառնալ՝ արգելելով անիվներով ճամպրուկները, գրում է france24.com-ը:
Յուրաքանչյուր տարի 27 միլիոն այցելու ունեցող քաղաքի բնակիչները հոգնել են սալահատակ փողոցների և կամուրջների վրայով շուրջօրյա քարշ տրվող ճամպրուկների ձայնից: Նրանց զայրույթը քաղաքի իշխանություններին հուշել է կանոններ մշակել, որոնց համաձայն հաջորդ տարվանից զբոսաշրջիկները կտուգանվեն մինչև 500 եվրոյով, եթե չօգտագործեն ռետինից կամ օդով լցված ձայն չհանող անիվներով ճամպրուկներ:
«Օրենքը նախատեսված է բազմաթիվ քաղաքացիների արձագանքելու համար, ովքեր վերջին տարիներին բողոքել են տեղական խորհրդին։ Պատճառը ցերեկվա և գիշերվա ժամերին անընդհատ տեղափոխվող իրերի ձայնն է՝ այն դեպքում, երբ օրենքն ապահովում է աղմուկի դեմ պաշտպանություն»,- ասված է տեղի խորհրդի տարածած հայտարարության մեջ:
Պաշտոնյաների խոսքերով՝ հատուկ անիվների օգտագործումը նաև անհրաժեշտ է քաղաքի հնագույն սալահատակը պաշտպանելու համար:










