Կատարվել է համաշխարհային մակարդակի փայլուն գործողություն, իսկ սև հրանոթները լռում են
Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը անդրադառնալով այսօր ԼՂՀ ԶՈՒ-ի կողմից՝ խոցված ուղղաթիռի անձնակազմի դիերը տարհանելու նպատակով իրականացված հատուկ նշանակության գործողությանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։
«Հաշվի առնելով հակառակորդի չափազանց մեծ կրակային և այլ հակազդեցությունները, այս գործողությունները բնույթով և բարդությամբ աննախադեպ էին: Կատարողականությունը ուղղակի փայլուն է հաշվի առնելով նաև հակառակորդի ոչ փոքր կորուստները, որոնք ծուղակ էին սարքել: Դեռ մի քանի օր կլսենք նրանց անունները, որոնք բնականաբար մահացած կլինեն տարբեր դժբախտություններից: ԼՂՀ հատուկ նշանակության ուժերը իրենց տոնի օրը փայլեցին, փառք նրանց: Կատարվել է համաշխարհային մակարդակի փայլուն գործողություն, իսկ սև հրանոթները լռում են»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ԼՂՀ զինված ուժերն այսօր ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության և մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանն էլ, ի պատասխան Tert.am-ի հարցի, թե սրանից հետո է՛լ ավելի է բարձրացել բանակի մարտունակությունը ասաց. «Լեռնային Ղարաբաղի բանակի զինվորի մարտական ոգին միշտ էլ բարձր է»:
Մեր տեղեկություններով՝ Հայաստանի և Լեռային Ղարաբաղի Զինված ուժերը քննարկում են , թե որտեղ և ինչ պայմաններում հուղարկավորեն ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի անդամների ազատագրված աճյունները: Առայժմ որոշում կայացված չէ : Այս մասին Tert.am-ին հայտնի դարձավ ԼՂՀ ՊՆ իր աղբյուրներից:
ԼՂՀ ԶՈՒ հատուկ գործողությունը Մինսկի խմբի հայտարարության ի կատար ածումն էր.
Tert.am-ի հետ զրույցում ասաց « Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ» հասարակական կազմակերպության նախագահ Ստյոպա Սաֆարյանը՝ հիշեցնելով, որ նախորդ օրերին Մինսկի խումբը հայտարարություն էր տարածել, որում ասված էր.«Խորապես մտահոգված ենք, որ ադրբեջանական ուժերի կողմից կործանված ռազմական ուղղաթիռի անկման վայր այցելելու համար մարդասիրական միջանցք չի ապահովվել»:
Ստյոպա Սաֆարյանի մեկնաբանությամբ, քանի որ ադրբեջանական կողմը համառեց , հայկական կողմին ոչինչ չէր մնում, քան այդ հատուկ գործողությամբ դիակները դուրս բերելը, այսինքն՝ կատարել Մինսկի խմբի հայտարարությունը:
«Իրավիճակը շատ նման է 90-ականների սկզբներին, երբ միջազգային հանրությունն անընդհատ կոչ էր անում հումանիտար միջանցք ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար կամ դադարեցնել ռազմական գործողությունները և նաև դրա մասին է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևը ՝ թշնամությունն ու ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, և որի արդյունքում հայկական կողմն ինքն ի կատար ածեց միջազգային հանրության պահանջները: Այդ թվում նաև՝ Արցախի ու Հայաստանի միջև հումանիտար միջանցքի բացումը, որը հետագայում արդեն մաս դարձավ նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության »,- ասաց նա։
Ստյոպա Սաֆարյանը վերը նշվածի համատեքստում չի համարում, թե սա հայկական կողմի պատասխանն էր, որի մասին այդքան խոսվում էր:
Հիշեցենք, որ դեպքի ժամանակ ուղղաթիռում եղել էին լեյտենանտ Ազատ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը և մայոր, անձնակազմի ղեկավար Սերգեյ Սահակյանը:










