ԼՂՀ ԶՈՒ-ն ստիպված դիմել է հատուկ նշանակության գործողության. տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկուսի մասունքները
Հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժինը։
Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:
Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու զինվոր: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել էր ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը:
Ավելի վաղ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել, որտեղ լուրջ մտահոգություն են հայտնել շփման գծում ԼՂՀ օդուժի ուղղաթիռի կործանման և վերջին բռնությունների առնչությամբ: Նրանք, մասնավորապես, կոչ էին արել խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը և հիշեցրել էին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին իրենց պատասխանատվության մասին` հարգելու հրադադարը և կատարելու հակամարտության կարգավորման խաղաղ տարբերակ գտնելու իրենց պարտավորությունները: Համանախագահներն օրերս դարձյալ հայտարարությամբ էին հանդես եկել՝ իրենց մտահոգությունը հայտնելով։
Հիշեցնենք նաև, որ ԼՂՀ-ից Tert.am-ին փոխանցել էին, որ Ադրբեջանի բանակը նոյեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը Արցախի սահմանին հայկական կողմի կրակից ունեցել է երկու կորուստ: Զոհերից մեկը լուսարձակող էր, մյուսը դիպուկահար:
Նշենք նաև, որ զոհերի մասին ադրբեջանական աղբյուրները հաղորդել են մեկ զոհ ունենալու փաստը: Դիպուկահարի մահվան մասին դեռ լռում են:










