Ասանժին թույլատրել են մնալ Էկվադորի դեսպանատանն այնքան՝ որքան կպահանջվի

10:11 • 22.11.14

Էկվադորը երկարաձգել է WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին ապաստան տրամադրելու որոշումը, հայտնել է լատինամերիկյան երկրի ԱԳՆ-ն։ Նա կարող է գտնվել Լոնդոնում երկրի դեսպանատանն այնքան՝ որքան կպահանջվի, փոխանցում է Лента-ն։

 

«Կիտոն հաստատում է իր մտադրությունը՝ շարունակել պաշտպանել Ասանժին այնքան ժամանակ, որքան կպահանջվի, քանի դեռ նա չի հայտնվի անվտանգ վայրում»,- ասվում է երկրի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում։

 

Ընդ որում՝ Էկվադորի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են համագործակցել Շվեդիայի իրավապահ մարմինների հետ։

 

«Շվեդիայի ներկայացուցիչները կարող են այցելել Լոնդոնում Էկվադորի դեսպանատուն, որպեսզի ստանան Ասանժի ցուցմունքները, կամ անեն դա տեսակապի միջոցով»,- նշվում է Էկվադորի ԱԳՆ-ի հայտարարությունում։

 

Նոյեմբերի 20-ին Շվեդիայի վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Ասանժի ձերբակալության միջազգային թույլտվությունը՝ մեկնաբանելով դա նրանով, որ հանցագործությունները, որոնց համար նա մեղադրվում է, «չափազանց լուրջ են»։ Դատավորն անհանգստություն է հայտնել, որ Ասանժը կարող է փախչել և, այդպիսով, խուսափել դատական գործընթացից։

 

Հիշեցնենք, որ Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն է մնում 2012 թվականի հունիսից։ Շվեդիայի իշխանությունները նրան մեղադրում են բռնաբարության համար։