Ֆինլանդիայի դպրոցներում ձեռագիր գրելու դասաժամերը կփոխարինվեն տպագրելու դասաժամերով

17:44 • 22.11.14

Ֆին աշակերտներին դպրոցում այլևս չեն սովորեցնի ձեռագիր գրել, այդ դասերը կփոխարինվեն տպագրելու դասերով, գրում է BBC-ն` վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:


Ֆինլանդիան առաջ է շարժվում դեպի թվային դարաշրջան՝ գրիչները փոխարինելով ստեղնաշարերով: 2016 թվականի աշնանից աշակերտներն այլևս ստիպված չեն լինի սովորել ձեռագիր գրելու ունակություններ կամ գեղագրություն, այլ փոխարենը կսովորեն տպագրության հմտություններ: «Վարժ տպագրելու հմտությունը կարևոր ազգային ունակություն է»,- ասում է Կրթության ազգային խորհրդի ներկայացուցիչ Մինա Հարմանենը: Նրա խոսքերով՝ փոխարինումը մեծ մշակութային փոփոխություն է բերելու:


Որոշ մտահոգություններ կան, որ փոփոխությունը կարող է անհարմար դրության մեջ դնել երեխաներին, ովքեր տանը չունեն համակարգիչ, կամ դպրոցներին, որտեղ բավականաչափ համակարգիչներ չկան: Այնուամենայնիվ, շատերը ողջունել են փոփոխությունը:


Մայրենի լեզվի ուսուցիչների ասոցիացիայի գլխավոր նախագահ Սյուզաննա Հուհտայի խոսքերով՝ ձեռագիր գրելն օգնում է երեխաներին զարգացնելու նուրբ շարժողական հմտություններն ու ուղեղի աշխատանքը, և առաջարկում, որ ձեռագիր գրելու դասերը կարող են փոխարինվել արհեստների կամ նկարչության ուսուցմամբ: