Ռուսաստանը, բացի Ուկրաինայից, կարող է հարձակվել նաև Վրաստանի ու Ադրբեջանի վրա. Կասպարով
Ռուսաստանը, բացի Ուկրաինայից, կարող է ռազմական հարձակում գործել մի շարք պետությունների վրա։ Մասնավորապես, Ռուսաստանի կողմից սպառնալիք կա Բալթյան երկրների, Վրաստանի և Ադրբեջանի համար, հայտարարել է ՌԴ ընդդիմադիր, շախմատի աշխարհի նախկին չեմպիոն հայազգի Գարի Կասպարովը, փոխանցում է Обозреватель-ը։
«Ես կցանկանայի հավատալ, որ զանգվածային արյունահեղություն Ուկրաինայում այլևս չի լինի, սակայն ոչ մի երաշխիք չկա։ Պետք է հասկանալ, որ մենք գործ ունենք ագրեսորի հետ, ում համար արտաքին ագրեսիան սեփական վարկանիշը պահպանելու միակ ձևն է։ Այն, որ Պուտինը կհարձակվի, ինձ համար բացահայտ է։ Հարցը միայն այն է, որ Ուկրաինան միակ ուղղությունը չէ»,- ասել է Կասպարովը։
Քաղաքական ընդդիմադրի կարծիքով՝ դեռ կա հնարավորություն, որ Պուտինը սադրանքներ կստեղծի բալթյան երկրներում։ «Դա գրավիչ հեռանկար է, քանի որ անմիջական հարված կլինի ՆԱՏՕ-ին։ Եվ կա նաև հարավային ուղղություն։ Ես կարծում եմ, որ Վրաստանը և Ադրբեջանը չեն կարող իրենց անվտանգ զգալ, քանի որ կան պատճառներ՝ սառեցված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում, որն այժմ սկսել է հալչել։ Ռուսաստանի պահանջները՝ դեպի Հայաստան միջանցք ստանալու համար։ Ի դեպ, փոքրիկ տարածքային վեճ է առաջացել Դաղստանի և Ադրբեջանի շրջաններում»,- նշել է Կասպարովը։
Նախկին չեմպիոնի խոսքով՝ Պուտինը հնարավորություն ունի տարբեր հակամարտություններ ստեղծել նախկին Խորհրդային միության տարածքում, և դա նրա համար գոյատևման միջոց է։ Ավելին Պուտինն այսօր չի կարող առաջարկել ռուս ժողովրդին։










