Եռյակի ներսում տարբեր ուժեր տարբեր նպատակներ ունեն. Լեռնիկ Ալեքսանյան

21:45 • 22.11.14

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը վստահ է՝ ՀՀԿ-ն պատրաստ է ԱԺ ոչ իշխանական եռյակի հետ քննարկել իրենց իսկ առաջարկած բարեփոխումների 12 կետը: «Դա չի նշանակում, որ մինչ այդ Հանրապետականը պատրաստ չէր քննարկման, ՀՀԿ-ի սկզբունքները չեն փոխվում: Այդ նույն 12 կետից շատ հարցեր մեր ծրագրում կան: ՀՀԿ-ն ցույց է տալիս, որ պատրաստ է հիմա էլ քննարկելու, վաղն էլ, մյուս օրն էլ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:


Դիտարկմանը, թե որն է խնդիրը, որ այդ քննարկումը չի կայանում, ՀՀԿ պատգամավորը պատասխանեց, թե կան քաղաքական տեխնոլոգիաներ, և եթե եռյակի նպատակը իշխանափոխությունն է, բնականաբար, չի գնա ընդառաջ` երկխոսության, իսկ այդ 12 կետն ուղղակի պատրվակ են: «Ես չգիտեմ, թե ինչ նպատակ ունի եռյակը, բայց գիտեմ մի բան. եռյակի ներսում տարբեր ուժեր տարբեր նպատակներ ունեն, տարբեր սկզբունքներ ունեն: Այսինքն՝ նպատակը եթե կա, պատճառները դառնում են առիթ` նպատակին հասնելու համար»,-ասաց Լեռնիկ Ալեքսանյանը:


Վերջինս նաև նշեց, որ որքան ինքն է հասկանում եռյակի վարած քաղաքականությունից, այդ խմբի ներսում դեռևս չեն եկել ընդհանուր հայտարարի. «Իրենք մտածում են հետագայի մասին` եթե իշպանության գան, ով առաջինը կլինի, ով որտեղ կլինի: Հենց իրենք սկսեն կողմնորոշվել, ՀՀԿ-ի քաղաքականությունը եռյակի նկատմամբ ավելի հստակ կլինի»,-եզրափակեց իշխանական պատգամավորը: