Լոնդոնի մետրոպոլիտենն օրական ուղևորափոխադրման նոր ռեկորդ է սահմանել
Լոնդոնի մետրոպոլիտենն օրական ուղևորափոխադրման նոր ռեկորդ է սահմանել՝ 4 միլիոն 576 հազար ուղևորություն: Այդ մասին հայտարարել են մայրաքաղաքային մետրոյի ղեկավարները, գրում է ТАСС-ը:
«Ռեկորդը սահմանվել է անցյալ ուրբաթ՝ նոյեմբերի 14-ին։ Այդպիսով՝ գերազանցվել է 2012 թվականի օգոստոսի 7-ին Լոնդոնի օլիմպիադայի ժամանակ սահմանված ռեկորդը: Այդ ժամանակ գրանցվել է 4 միլիոն 544 հազար ուղևորություն», - հայտարարել է Լոնդոնի մետրոպոլիտենի ղեկավար Ֆիլ Հաֆթոնը:
«Ճիշտ է՝ այդ ժամանակ մետրոն աշխատում էր անվճար ռեժիմով»,- նշել է նա:
Չնայած դրան՝ նոր ռեկորդային օրը նույնպես ունեցել է իր առանձնահատկությունները՝ վճարային ընկերություններից մեկն օրական անվճար ուղևորություններ է տրամադրել նրանց, ովքեր ձեռք են բերել մետրոպոլիտենի համար նրա նոր պլաստիկ քարտը: Այդ առաջարկից ցանկացել է օգտվել 172 հազար մարդ:










