Հանրապետականները դատի են տվել Բարաք Օբամային
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը, որտեղ թվով գերազանցում են հանրապետականները, հայց է ներկայացրել Դաշնային դատարան երկրի նախագահ Բարաք Օբամայի դեմ։ Այդ մասին հայտնել է պահպանողականների փաստաբան Ջոնաթան Տուրլեյը, փոխանցում է Deutsche Welle-ն։
Դատական հայց ներկայացրած կոնգրեսականների համաձայն՝ առողջապահության ոլորտում բարեփոխումներ անցկացնելու նախագահական հրամաններով Օբաման խախտել է երկրի սահմանադրությունը։ Հայց ներկայացնելը հնարավոր է դարձել շնորհիվ որոշման, որն ամերիկացի օրենսդիրներն ընդունել էին հուլիսի վերջին։ Տվյալ գործի պատասխանողներ են ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն և առողջապահության նախարար Սիլվիա Մեթյու Բերվելը։
Համաձայն մեղադրանքների՝ ապահովագրական ընկերություններին կառավարությունը 3 մլրդ դոլար է վճարել՝ առանց Կոնգրեսի հաստատման։ Բացի այդ, ԱՄՆ նախագահը փոփոխություններ է մտցրել առողջապահական բարեփոխումներում՝ չարաշահելով իր լիազորությունները, կարծում են հանրապետականները։
ԱՄՆ-ում օրենսդրական լիազորությունները պատկանում են Սենատին և Ներկայացուցիչների պալատին, օրենքների կատարման համար պատասխանատու են նախագահը և կառավարությունը։










