Հացադուլից դուրս գալն ավելի դժվար է, քան սկսելը. Դավիթ Սանասարյանն իրեն արդեն լավ է զգում
«Ժառանգություն» կուսակցության խոսնակ՝ հացադուլը երեկ դադարեցրած Դավիթ Սանասարյանը, Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իրեն լավ է զգում, թեև, ըստ նրա, հացադուլից դուրս գալն ավելի դժվար է, քան բուն հացադուլը:
«Հիմա միայն հյութեր եմ խմում, դեռևս հաց ուտելու ցանկություն չունեմ: Երեկ խոսել եմ սննդաբան Հայկազ Սարգսյանի հետ, ով ինձ մանրամասն ասել է, թե ինչ պետք է անեմ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: Հետևելու եմ նրա խորհուրդներին և չեմ գայթակղվելու որևէ համեղ սննդով»,-ասաց Դավիթ Սանասարյանը:
Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մոտ 6 օր շարունակ հացադուլ էր անում՝ պահանջելով, որ ԵԱՀԿ-ն քայլեր ձեռնարկի ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ ՊՆ զինուժի խոցված ուղղաթիռի անձնակազմի դիերը տարածքից դուրս բերելու ուղղությամբ։ Երեկ ԼՂՀ Պաշտպանության բանակի հատուկ գործողությունների հետևանքով օդաչուների դիերի դուրս բերումից հետո Դավիթ Մանասարյանը դադարեցրել է հացադուլը։
Վերջինս տեղեկացրեց, որ վաղը մասնակցելու է հայ երեք օդաչուների հոգեհանգստի արարողությանը:










