Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի շարքերում կռվելու ընթացքում 60 գերմանացի է սպանվել

14:58 • 23.11.14

Գերմանիայի առնվազն 60 քաղաքացիներ են սպանվել Սիրիայում և Իրաքում՝ կռվելով «Իսլամական պետություն» խմբավորման շարքերում:


Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտարարել է սահմանադրության պաշտպանության Գերմանիայի դաշնային ծառայության ղեկավար Հանս-Գեորգ Մաասենը:


«Դաշնային ծառայության տվյալներով՝ ծնունդով Գերմանիայից մոտ 60 զինյալներ սպանվել են, նրանցից առնվազն 9-ը մահապարտ ահաբեկիչներ են դարձել: Սա իսլամական քարոզչության ցավալի հաջողությունն է»,- հայտարարել է Մաասենը:


Նրա խոսքով՝ Սիրիա և Իրաք մեկնել է մոտ 550 գերմանացի, և նրանցից շատերը համալրել են ԻՊ-ի շարքերը:Նրանցից ավելի քան 180-ը վերադարձել են հայրենիք:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայում լայնամասշտաբ գործողության ընթացքում 9 մարդ էր ձերբակալվել՝ ահաբեկչական խմբավորումների հետ կապեր ունենալու կասկածանքով: