Ռիսկային կլիմայական պայմանները և թերահավատությունը՝ գյուղատնտեսության ապահովագրության բացակայության պատճառ
Գյուղատնտեսության նախարարությունն ավելի քան 10 տարի է ոլորտը ապահովագրելու համար ուսումնասիրություններ է իրականացնում, ինչի արդյունքում պատրաստվում է մարզերից մեկում իրականցնել անասնագլխաքանակի ապահովագրման պիլոտային ծրագիր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը՝ ընդգծելով, որ ներկայումս նախարարությունը լուրջ աշխատանքներ է տանում ապահովագրական խոշոր ընկերություններից մեկի հետ:
«Հարցի հետ կապված նաև միջազգային կազմակերպությունների հետ ենք համագործակցության եզրեր փորձում գտնել, աշխատանքներն ենք տանում, մասնավորապես` ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գրասենյակի հետ, իրենց փորձագետները լուրջ ուսումնասիրություններ են իրականացնում մեր երկրում՝ ընդհանուր ռիսկերի գնահատում, դրանց հաճախականության ուսումնասիրություն: Մշակվում է նաև ոլորտում ապահովագրության ներդրման ճանապարհային քարտեզ»,-ասաց նա:
Անդրադառնալով հարցին, թե որքանով է անհրաժեշտ ոլորտում ներդնել ապահովագրման համակարգ, Գառնիկ Պետրոսյանն ասաց, որ աշխարհագրորեն Հայաստանի ռելիեֆն այնպիսին է, որ հաճախ է ենթարկվում բնակլիմայական աղետների, և գյուղատնտեսությունը մեծ կորուստներ է կրում, իսկ պետությունը չունի այն միջոցները, որ դրանից հետո ամբողջությամբ գյուղացուն փոխհատուցի:
«Ճիշտ է, պետությունը մեծ աջակցություն է ցուցաբերում հետևանքները մեղմելու համար, բայց ընդամենը աջակցություն է ցուցաբերում դժվար վիճակում գտնվող գյուղացուն: Բայց լավագույն տարբերակը ապահովագրման կայուն համակարգի ստեղծումն է, որը կարող է նեցուկ լինել գյուղացուն և օգնել, որ կրած վնասները փոխհատուցվեն: Բայց այստեղ կա նաև վստահության խնդիր գյուղացիների կողմից, քանի որ նրանց կողմից որոշակի թերահավատություն կա: Մենք հակված չենք մտածելու, որ համակարգն արագ կներդրվի, բայց պիլոտային ծրագրի իրականացումը կարող է հավատ ներշնչել մարդկանց՝ կտեսնեն, որ ով ապահովագրել է իր անասնագլխաքանակը, նա ավելի պաշտպանված է»,-ասաց նա:
Հարցին, թե հաշվի առնելով նույն բարձր ռիսկայնությունը, արդյո՞ք ապահովագրական ընկերությունները իրենք ցանկություն ունեն գործունեություն ծավալել այս ոլորտում, Գառնիկ Պետրոսյանն ասաց, որ հենց դրա համար մշակվում է ծրագիր, որը ձեռնտու կլինի թե՛ գյուղացուն, թե՛ ապահովագրական ընկերություններին:
«Պետք է նշել մի բան, որ վերջին տարիների կարկտահարությունից ու ցրտահարություններից հետո գյուղացին հասկացել է, որ ճիշտ ճանապարհը ապահովագրությունն է, բայց գործնական մակարդակով քայլեր իրականացնելիս կա մտավախություն, թերահավատություն: Դրա համար պիլոտային ծրագիր ենք փորձում իրականացնել, որ մարդիկ վստահություն ունենան: Պետք է հաշվի առնել նաև այն, որ ցանկացած նոր գաղափար դժվարությամբ է կյանք մտնում»,-ասաց նա և որպես օրինակ բերեց մեքենաների ապահովագրության գործընթացը:
«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը մեզ հետ զրույցում ևս կարևորեց գյուղատնտեսության ապահովագրումը և ընդգծեց, որ մինչ օրս Հայաստանում այս ոլորտը չի ապահովագրվում բարձր ռիսկայնության հետևանքով:
«Եթե պետությունը նվազեցնի ոլորտի ռիսկայնությունը, ապա ապահովագրական ընկերությունները կխնդրեն գյուղացուն, որ իր բերքը կամ անասնագլխաքանակը ապահովագրի: Կունենանք հակակարկտային ծառայություն, կունենանք ցանցային համակարգ, որը գյուղացուն կերաշխավորի կարկուտի վնասից և մի քանի աստիճանով կնվազեցնի ցրտահարության հնարավորությունը, ապահովագրությունը իր տեղը կգրավի գյուղատնտեսության մեջ»,-ասաց նա:
Հարցին, թե ինչ կարծիք ունի պիլոտային ծրագրի մասին, Հրաչ Բերբերյանն ընդգծեց, որ գյուղատնտեսության այս ճյուղը ևս բարձր ռիսկայնություն ունի, քանի որ Հայաստանում լավ չեն գործում անասնաբուժական ծառայությունները:
«Անասնաբուժությունը մեզ մոտ այն մակարդակի չէ, որ չլինի ժանտախտ, բրուցելոզ և այլ հիվանդություններ: Ոլորտը բարձր ռիսկային, է և հնարավոր է՝ ծրագիրը ապագա չունենա: Համոզված եմ, որ խոզը ոչ մի ապահովագրական գործակալություն չի ապահովագրի, որովհետև այս տարի էլ ունեցանք գլխաքանակի մեծ անկում»,-ասաց նա:










