80-ական թվականներին Հայաստանը բազմաթիվ ոլորտներում Լեհաստանից առաջ է եղել. դեսպան
80-ական թվականներին Հայաստանը բազմաթիվ ոլորտներում Լեհաստանից առաջ է եղել. այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:
«Ես Հայաստանը ճանաչում եմ գրեթե 30 տարի. ժամանակակից Հայաստանը համեմատում եմ 80-ականների վերջի և 90-ականների սկզբի Հայաստանի հետ և ակնհայտ ձեռքբերումներ եմ տեսնում: Սակայն անկեղծ կլինեմ. 80-ական թվականներին Հայաստանը բազմաթիվ ոլորտներում Լեհաստանից առաջ է եղել և համաձայն ՄԱԿ-ի բնակչության մարդկային զարգացման ցուցիչին՝ Հայաստանն ավելի լավ տեղ էր զբաղեցնում, քան Լեհաստանը: Այսօր ունենք այնպիսի իրավիճակ, երբ Լեհաստանը համարվում է Կենտրոնական Եվրոպայի առաջատարներից մեկը և տնտեսության առումով զբաղեցնում է քսաներորդ տեղը, իսկ ԵՄ երկրների շարքում` վեցերորդ տեղը: Բացի այդ, շուտով Լեհաստանի ներկայացուցիչը դառնալու է ԵՄ նախագահը»,-ասաց դեսպանը և նշեց, որ մի հարցի պատասխան չի կարողանում գտնել, թե արդյո՞ք այդ քսանհինգ տարիների ընթացում կարող էր Հայաստանը հասնել ավելիին:
Նա նշեց, որ Հայաստանը սպեցիֆիկ և յուրահատուկ իրավիճակում է գտնվում և իրենք ըմբռնումով են վերաբերում Հայաստանի կայացրած որոշումներին: Դեսպանն ասաց, որ Հայաստանը մեծ պետություն է և շնորհիվ իր պատմության և ժողովրդի ու կարողացել է պահպանել է իր ինքնությունը՝ չունենալով պետականություն:
«Այս կամ այն ինտեգրացիոն համակարգին անդամակցելը ինքնիշխանության որոշակի հատվածի կորուստ է ենթադրում»,-ասաց Զդիսլավ Ռաչինսկին և նշեց, որ այդպես է եղել նաև Լեհաստանի դեպքում, և այդ երկիրը ԵՄ անդամակցությամբ իր ինքնիշխանության և լիազորությունների մի հատված փոխանցել է հանձնաժողովին:










