Մենք հակված ենք մտածելու, որ վաղ թե ուշ միևնույն տնտեսական շահն իրար է մղելու ԵՏՄ-ԵՄ միություններին. Շավարշ Քոչարյան

14:13 • 24.11.14

 

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Ազգային ժողովում ԵՏՄ անդամակցության համաձայնագրի վերաբերյալ լսումների ժամանակ նկատեց, թե ՌԴ տնտեսությունը պատժամիջոցների հետևանքով գրեթե մոտ է «կոլապսի». «Եթե նույն տեմպով է շարժվելու պուտինյան Ռուսաստանը, կարող ենք ականատես լինել, որ ինչպես Սովետը քանդվեց, այնպես էլ ՌԴ-ն քանդվի»:


Փոստանջյանի խոսով՝ ՌԴ-ում կան քաղաքական ուժեր, որ այդ երկրի ապագան տեսնում են եվրոպական քաղաքակրթության մի մաս, այսինքն՝ ինտեգրում ԵՄ-ին:

 


«Դուք ունե՞ք սցենարներ, որ այդքան հեռու ապագայում չէ, ասենք՝ մեկ-երկու տարիների ընթացքում, և ո՞րն է լինելու ՀՀ-ի, Արցախի ապագան՝ Պուտինի կողմից նախաձեռնված այս բլեֆը, այս ավանտյուրան չիրականանալու դեպքում։ Ո՞րն է լինելու մեր տեղը: Չունենալով Իրանի և Վրաստանի հետ ազատ տնտեսական առևտրի գոտի,
ո՞րն է լինելու ձեր սցենարը, կա՞ն հաշվարկներ
»,-հարցրեց նա:


Հարցին պատասխանեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը. «Սովորաբար ասում են հոռետեսն ավելի տեղեկացված լավատեսն է, այս դեպքում ճիշտ հակառակն է, ես ավելի տեղեկացված եմ և լավատես եմ»,-ասաց նա:


«Կա ԵՄ-ն՝ իր հսկայական տնտեսական շուկայով, կա ԵՏՄ-ն՝ իր շուկայով և մենք հակված ենք մտածելու, որ վաղ թե ուշ միևնույն տնտեսական շահն իրար է մղելու այս միություններին,-ասաց Շավարշ Քոչարյանը և հավելեց, որ ՀՀ-ն կողմ է համագործակցության և ոչ թե բևեռացման,-մենք չէ, որ պետք է ուղղվենք դեպի բևեռացում»։


ԱԳ փոխնախարարն ընդգծեց, որ միշտ պատրաստ է ավելի նուրբ հարցերի մասին առանձին խոսել պատգամավորի հետ: