Թուրքիան թուլացնում է իր կախվածությունը Ռուսաստանից, և դա ռազմավարական առումով բխում է իր շահերից. թուրքագետներ

16:00 • 24.11.14

Թուրքիան վաղուց էր իր առաջ նպատակ դրել հնարավորինս պակասեցնել Ռուսաստանից ստացվող գազի քանակը: Ռազմավարական առումով նա մեծ կախվածության մեջ է հայտնվել Ռուսաստանից, և բոլոր հնարավորություններն օգտագործում է, որ այդ կախվածությունն ավելի պակասեցնի: Tert.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեցին թուրքագետներ Ռուբեն Սաֆրաստյանը և Ռուբեն Մելքոնյանը՝ արձագանքելով Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի հայտարարությանը, թե Թուրքիան նվազեցրել է ռուսական գազի ներմուծման ծավալները՝ 42 մլն խ/մ-ից հասցնելով 27-28 մլն-ի:


ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը հենց այդ շրջանակներում է դիտարկում վերջին հաղորդագրությունները, որ Թուրքիան շարունակում է և փորձում է գնալով ավելի պակասեցնել ստացվող գազի ծավալները:


«Ռազմավարական առումով, իհարկե, սա Թուրքիայի շահերից է բխում, որ կախվածությունը թուլացնում է Ռուսաստանից, բայց մյուս կողմից ռուսական գազը նրանց ավելի մատչելի է, քան այլ երկրներից ստացվող գազը: Սա տնտեսական, ֆինանսական առումով գուցե կարճաժամկետ տեսակետից այնքան էլ ձեռնտու չէ Թուրքիային, բայց ռազմավարական առումով, իհարկե՛, ձեռնտու է»,- ասաց Սաֆրաստյանը:


Նրա խոսքով՝ ամերիկացիները տարիներ շարունակ Թուրքիային հորդորում են, որ նա գնալով պակասեցնի իր կախվածությունը ռուսական գազից: Այնպես որ, Սաֆրաստյանը ենթադրում է, որ այս քայլը պայմանավորված է նաև ամերիկացիների ճնշմամբ:


«Իհարկե՛, չի կարելի գերագնահատել ամերիկացիների ճնշումը, որովհետև, վերջիվերջո, ինչպես մենք տեսնում ենք, Թուրքիան շատ հարցերում, համոզված եմ նաև այս հարցում, առաջին հերթին իր շահերն է գերադասում: Բայց, իհարկե, ամերիկացիների գործոնն այստեղ առկա է»,- նկատեց արևելագիտության ինստիտուտի տնօրենը:


ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանն էլ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե սա արդյոք չի նշանակում, որ Թուրքիան միանում է Ռուսաստանի դեմ կիրառվող ԵՄ-ի պատժամիջոցներին, ասաց. «1996 թվականից Թուրքիան եվրոպական մաքսային միության անդամ է, դրանից բխող բոլոր հետևանքներով, և սա փաստորեն երկու՝ եվրոպական և եվրասիական մաքսային միությունների պայքարի էտապն է: Բացի ԵՄ և Ռուսաստան բախումից, կա նաև երկու մաքսային միությունների բախում, որտեղ եվրոպական մաքսային միությունը ներկայացնում է Արևմուտքի շահերը, իսկ Եվրասիական մաքսային միությունում գերիշխում է Ռուսաստանը»:


Թուրքագետի կարծիքով, բացի այդ էլ, Թուրքիան վերջին շրջանում բավական կոպիտ քայլեր է արել ԱՄՆ-ի և Արևմուտքի նկատմամբ և սրանով փորձում է մի փոքր սիրաշահել և կատարել նրանց ցանկությունը կամ պահանջը:


«Կա նաև մի գործոն, որ չպետք է անտեսել. թուրք-ռուսական հարաբերություններն առավելապես ունեն տնտեսական բաղադրիչ, բայց չպետք է անտեսվի այն, որ Թուրքիայում և թուրքական քաղաքական մտածողության մեջ կա պատմական խորք ունեցող հակառուսական տրամադրություններ և հակառուսական ֆոբիա»,- նկատեց Ռուբեն Մելքոնյանը՝ հավելելով, թե նույնիսկ սոցհարցումներն են ցույց տալիս, որ այդ հասարակությունն իր թշնամի պետությունների մեջ միշտ նշում է Ռուսաստանը:


Այս ամենի համատեքստում, ըստ Ռուբեն Մելքոնյանի, եթե մեր տեսանկյունից էլ նայենք, ապա Հայաստան-Ռուսաստան դաշինքը միշտ Թուրքիայի համար համարվում է թշնամական:


«Բազմիցս խոսել եմ թուրք քաղաքական գործիչների ու քաղաքագետների հետ, որոնք այն տեսակետին են, որ Հայաստանն առանց Ռուսաստանի այլ է, Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում բոլորովին այլ է: Կարծում եմ, որ բոլոր այս տարրերն իրենց դերն ունեն Թուրքիայի այս քայլի մեջ»,- ասաց թուրքագետը:


Ինչպես Ռուբեն Սաֆրաստյանը, այնպես էլ Ռուբեն Մելքոնյանը նույն տեսակետին են հետևյալ հարցում.երբ բախվում են տնտեսական և ռազմավարական շահերը, միշտ այդ պահին գերակա է դառնում ռազմավարականը: