Միջազգային հանրությունը լուրջ գործիքակազմ չունի՝ ազդելու Ադրբեջանի վրա. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Ըստ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի՝ Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռը խոցելու դեպքը լուրջ քաղաքական իրավիճակ է փոխել հայ-ադրբեջանական հարաբերություններում ու ցույց տվել, որ ամռանը սկիզբ առած միջնորդությունները որևէ ազդեցություն չունեն Ադրբեջանի համար:
«Ֆրանսիայում կայացած վերջին հանդիպման ժամանակ անգամ Ադրբեջանը հայտարարեց, որ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, սակայն փակել է ցանկացած լուծման գալու հնարավորությունը: Ստեղծել է մի իրավիճակ, երբ բոլոր այս գործողությունները սովորական պրակտիկա պետք է դիտարկել: Ակնհայտ է, որ այս իրավիճակում շարունակական գործողությունները լինելու են երկու ուժերի կողմից: Միջազգային հանրությունը լուրջ գործիքակազմ չունի՝ ազդելու Ադրբեջանի վրա, և այս հարաբերական անդորրը պահպանվում է հայոց բանակի ուժի շնորհիվ»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։
Քաղաքագետը նաև ընդգծեց, որ Ադրբեջանը գնաց հայկական ուղղաթիռը խոցելու որոշմանը՝ նաև իր դեմ փողոց դուրս եկած քաղաքացիների ուշադրությունը շեղելու քաղաքական ու տնտեսական հարցերից:
Հրանտ Մելիք-Շահնազարյանն ընդգծեց, որ մշտապես հայկական կողմը պետք է զգոն լինի սահմանին և բարձրացնի բանակի պաշտպանունակությունը:
Հարցին, թե քանի որ ստեղծված իրավիճակում ակնհայտ էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չկարողացավ որևէ բան անել, հետևաբար ի՞նչ հետևություններ պետք է անել, քաղաքագետը պատասխանեց. «Հայկական դիվանագիտությունը միշտ ամեն ինչ արել է, որ խնդիրը մնա Մինսկի խմբի շրջանակում: Մեր նպատակն է միշտ եղել, որ Բաքուն չտեղափոխի հարցը այլ միջազգային կառույց, որոնք շատ ավելի անտեղյակ են հարցին և ավելի հեշտ կաշառվող: Ես համոզված եմ, որ Մինսկի խմբից հրաժարվելու նպատակ հայկական կողմը չունի, այլ հարց է, թե ինչպես կպահի իրեն Ադրբեջանը և կփորձի՞ արդյոք կազմաքանդել: Իհարկե, Ադրբեջանը կցանկանար տեսնել Թուրքիայի և այլ երկրների մասնակցությունը հարցին, որոնք տնտեսական հետաքրքրվածություն ունեն այս տարածաշրջանում»։










