Ինդոնեզիայում ձերբակալվել է 200 մարդու մահվան համար մեղադրվող Իրանի քաղաքացի
Ինդոնեզիայի ոստիկանությունը ձերբակալել է Իրանի քաղաքացու, որը մեղադրվում է 2011թ.-ին նավաբեկության ընթացքում ավելի քան 200 անօրինական ներգաղթյալի մահվան համար, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Երեք տարի առաջ Ավստրալիայի ճանապարհին խորտակվել էր գերբեռնված փայտե նավ: Դրանով Աֆղանստանից, Իրանից ու Պակիստանից մոտ 250 ներգաղթյալ փորձում էր հասնել «կանաչ մայրցամաք»:
Այդ ժամանակ փրկվել կարողացել էին նրանցից ընդամենը 47-ը:
«Մենք սպասում ենք ձերբակալվածին Ավստրալիա արտահանձնելու որոշման կայացմանը»,-ասել է Ինդոնեզիայի ոստիկանության անօրինական ներգաղթյալների դեմ պայքարի վարչության ղեկավար Բուդի Սանտոսոն:
Ավստրալացիների տվյալներով՝ հենց 54-ամյա Մոհամմադ Նագի Քարիմի Ազարն է եղել 2011թ.-ին ներգաղթյալների ապօրինի ճանապարհով տեղափոխման կազմակերպիչը:










