Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել ուղղաթիռի անձնակազմի անդամների հոգեհանգստի արարողությունը (տեսանյութեր)
18.19
Արծիվները լեռներում են ծնվում, մենք այդ պատասխանը ուժգին ենք տալու. Ավիացիոն զորամասի մայոր
Ավիացիոն զորամասի մայոր Գոռ Ղազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ճանաչել է երեք տղաներին էլ:
«Բոլորին էլ ճանաչել եմ, դժվար է ինչ-որ բան ասել, բայց դժվարությունները հաղթահարելու համար են: Սերգեյը հրաշալի մարդ էր, Ազատն ու Սարգիսը ևս, երկուսն էլ երիտասարդ, կարգապահ տղաներ էին: Դժվար թե նման գործողությունը նրանց նման կարգապահների չվստահեին»,-ասաց նա։
Անդրադառնալով Ադրբեջանի գործողություններին՝ Գոռ Ղազարյանը նշեց, որ Ադրբեջանը Սաֆարովի նման ստահակներին, մարդասպաններին հերոսացողների ազգ է:
«Թող Հեյդարի թոռներն էլ իմանան, որ արծիվները լեռներում են ծնվում: Մենք այդ պատասխանը տալու ենք և շատ ուժգին ենք տալու: Սա այն հակամարտությունն է, որը պսակվելու է միայն մեր հաղթանակով»,-ասաց նա:
18.15
Ազատի երազանքն էր մասնակցել զորավարժությունների. Մայորը՝ուղղաթիռի անձնակազմի 3 անդամների մասին

Ավիացիոն զորամասի շտաբի պետի տեղակալ, մայոր Վաչագան Ստեփանյանը, ով շփվել և ճանաչել է բոլոր երեք տղաներին, լրագրողների հետ զրույցում խոսեց նրանց մասին։
«Սերգեյը հոյակապ անձնավորություն էր` բարձր ինտելեկտով օժտված: Լեյտենանտ Սարգիս Ղազարյանը նույնպես շատ խելացի, իր գործին նվիրված մարդ էր, ավարտել է ավիացիոն ինստիտուտը կարմիր դիպլոմով, իսկ Ազատի երազանքն էր մասնակցել զորավարժությունների»,-ասաց նա։
Խոսելով հակառակորդի գործողությունների մասին՝ մայոր Ստեփանյանն ընդգծեց` հակառակորդը միշտ եղել է այն հակառակորդը, ով ունակ է եղել գիշերը կացնով հարվածել քնածին:
Նա նաև նշեց, որ իրավիճակի հետագա սրացում չի տեսնում:
17.36
Երևանի Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում է տեղի ունենում Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցված ուսումնավարժական ուղղաթիռի անձնակազմի 3 անդամների հոգեհանգստի արարողակարգը:
Զոհված անձնակազմի հոգեհանգստյան արարողությանը մասնակցելու համար եկեղեցու մուտքի մոտ մարդկային մեծ հերթ է գոյացել: Ժամը 18:30-ին Սուրբ Սարգիս եկեղեցի կայցելեն նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան ու Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նշենք, որ նոյեմբերի 25-ին, ժամը 13.00-ին զոհված օդաչուների աճյունները Սուրբ Սարգիս եկեղեցուց կտեղափոխվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նոյեմբերի 25-ին, ժամը 14.00-ին տեղի կունենա սգո միտինգ Եռաբլուրում և հուղարկավորություն՝ զինվորական արարողակարգով:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակը youtube-ի իր ալիքում տեղադրել է նոյեմբերի 12-ին խոցված ուղղաթիռի վայրից անձնակազմի տարհանման մասին հատուկ նշանակության գործողության տեսանյութը։
Հիշեցնենք նաև, ԼՂՀ զինված ուժերը նոյեմբերի 12-ին դիմել են հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության:
Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Իսկ Ադրբեջանի բանակը նոյեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը Արցախի սահմանին հայկական կողմի կրակից ունեցել է երկու կորուստ:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)










