Չեխիայի նախագահն ամերիկյան գարեջուրը կեղտոտ ջուր է անվանել

16:36 • 24.11.14

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Ղազախստանի գործարարներին առաջարկել է զարգացնել համատեղ գարեջրագործությունը։ Նման հայտարարությամբ նախագահը հանդես է եկել Աստանայում ղազախ-չեխական գործարար համաժողովի ընթացքում, փոխանցում է Лента-ն։

 

Իր ելույթում 70-ամյա Զեմանը բնութագրել է չեխական արտադրանքի տարբեր տեսակները՝ առանձնահատուկ նշելով գարեջրագործությունը։ «Մենք արդեն կառուցել ենք Ղազախստանում մի քանի գարեջրի գործարան։ Մենք ունենք հիանալի ինքնաթիռներ, ավտոմեքենաներ և այլ արտադրանք, սակայն մի մոռացեք, որ չեխական գարեջուրը լավագույնն է աշխարհում։ Ոչ մի ամերիկյան ընկերություն, որն առաջարկում է ինչ-որ կեղտոտ ջուր գարեջրի փոխարեն, չի կարող մեզ հետ մրցակցել»,- ասել է Զեմանը։

 

Աստանայում կայացած համաժողովին մասնակցել է նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ով ցանկացել է պարզել իր չեխ գործընկերոջից, թե ինչ կարծիք ունի վերջինս գերմանական գարեջրի մասին։ Զեմանը պատասխանել է, որ չեխական գարեջուրն ավելի լավն է։