Ադրբեջանի վարքագծի պարագայում այլ բան չէր մնում, քան հատուկ գործողությամբ հասնել նպատակին

09:57 • 25.11.14

Ադրբեջանը, մերժելով հումանիտար, դիվանագիտական բոլոր ջանքերը՝ ըստ էության ինքն իրեն տանում է ինքնամեկուսացման դիվանագիտական հետագա գործողություններում: Եվ, հետևաբար, մեզ այլ բան չէր մնում, քան հատուկ մշակված գործողությամբ հասնել մեր նպատակին: Ինչը և, ի պատիվ մեր Զինված ուժերի և ԼՂՀ պաշտպանության բանակի մարտիկների, տեղի ունեցավ. Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով ԼՂՀ ԶՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռի զոհված անձնակազմի մարմինները վերադարձնելու նպատակով իրականացված հատուկ գործողությանը:


Արտակ Զաքարյանը կարծիք հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասնագիտացված կառույցը՝ Մինսկի խումբը ՄԻ-24 ուղղաթիռի խոցման փաստը և Ադրբեջանի՝ զոհված անձնակազմի մարմինները վերադարձնելու հարցում մերժողական պահվածքը վերլուծելուց հետո պետք է հետևություններ անի:

«Մշտապես լինում են պարիտետային, ընդհանրական կոչեր, այնինչ հրադադարի ռեժիմի խախտման, և սահմանային տարբեր միջադեպերի յուրաքանչյուր անգամ պետք է մատնանշվի Ադրբեջանը՝ իր գործողությունների դատապարտման համատեքստում: Մինսկի խումբը պետք է հստակ արձանագրի, որ «Ադրբեջանը խախտեց», «Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական դիրքորոշումը» և այլն: Եվ այս պարագայում Ադրբեջանը կհայտնվի մի իրավիճակի մեջ, երբ արդեն ստիպված կլինի առաջնորդվել խաղաղ կարգավորման գործընթացով»,-ասաց Արտակ Զաքարյանը:

 
Հիշեցնենք, որ արդեն նոյեմբերի 20-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դարձյալ հանդես եկան հայտարարությամբ՝ նշելով, որ ուղղաթիռի բեկորներն ընկած են չեզոք գոտու ականապատ տարածքում: «Մենք կողմերին կոչ ենք անում դադարեցնել կրակն աղետի վայրի մերձակայքում և օժանդակել տարածքի ականազերծմանը»,- հավելվում էր հայտարարության մեջ:


Նշվում է, որ 2010թ.-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև ստորագրված՝ Աստրախանի հայտարարության ոգուն հավատարիմ մնալով՝ համանախագահներն Ադրբեջանին հորդորում են թույլատրել զոհերի մարմինները դուրս բերել, իսկ Հայաստանին՝ ջանքեր ներդնել հումանիտար իրավիճակի լուծման համար:

 
Ի պատասխան հարցի, թե փաստորեն դիվանագիտական ճանապարհով չհաջողվեց վերադարձնել ՄԻ-24 զոհված անձնակազմի մարմինները, և դա հնարավոր եղավ կատարել միայն հատուկ գործողությամբ, Արտակ Զաքարյանը նկատեց, որ Ադրբեջանի կողմից ցանկացած ապակառուցողական քայլ բացասաբար է անդրադառնում բանակցային գործընթացի վրա: Դրանով Ադրբեջանն առաջին հերթին խաթարում է վստահության գործընթացի ձևավորման հնարավորությունները, ինչն էլ խոչընդոտում է բանակցային գործընթացում առաջընթացին:


«Առանց հասարակությունների միջև փոխադարձ վստահության հնարավոր չի լինելու իրականում խոսել կոնֆլիկտի կարգավորման քայլերի և առաջընթացի մասին»,- հավելեց Արտակ Զաքարյանը։


Tert.am-ի հետ զրույցում «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ի պատասխան հարցի, թե զոհված անձնակազմի մարմինների հետ վերադարձը ռազմական ճանապարհով ավելի վա՞տ տարբերակ է, քան դիվանագիտականը, նկատեց. «Դիվանագիտական ճանապարհով Հայաստանը փորձ արեց լուծումներ գտնել, բայց հանդիպեց Ադրբեջանի ուղղակի ցինիկ և ոչ ադեկվատ պատասխանին: Հիշեք նրանց հայտարարությունները, որ եթե հարկ կհամարենք, այն ժամանակ կվերադարձնենք: Եվ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի կազմակերպած իսկապես փայլուն գործողության արդյունքում Ղարաբաղը ապացուցեց, որ կարող է լավագույն բանակներին համարժեք գործողություններ իրականացնել»:


Աղվան Վարդանյանն ամփոփեց, որ այսպիսով ադրբեջանական հռետորաբանությունը մնաց օդում կախված: «Եվ պատահական չէ, որ այս օրերին նրանք որևէ կերպ չեն արձագանքում, չեն կարողանում հասկանալ, թե ինչ կատարվեց: Սա լավ դաս էր Ադրբեջանի համար»,-ամփոփեց Աղվան Վարդանյանը: