Աբխազիայի հետ կնքած համաձայնագրով ՌԴ-ն փորձում է այն իր տարածքի վերածել. Վրաստանի նախագահ
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հատուկ հայտարարություն է տարածել Ռուսաստանի և Աբխազիայի միջև կնքված համագործակցության վերաբերյալ համաձայնագրի կապակցությամբ, գրում է newsgeorgia.ru-ն։
«Ռուսաստանի և Աբխազիայի միջև ստորագրված, այսպես կոչված, «Ռազմավարական գործընկերության մասին» համաձայնագիրն իրենից ներկայացնում է քայլ, որն ուղղված է Վրաստանի տարածքի անեքսիային, որն էլ ավելի է բարդացնում իրավիճակը Հարավային Կովկասում և դեպի փակուղի է տանում Վրաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և Աբխազիայի առաջ դնում է անլուծելի խնդիր»,- ասվում է հաղորդագրությունում։
Վրաց նախագահը նշում է, որ «այս քայլով ՌԴ-ն փորձում է արդեն Աբխազիան վերածել իր ռազմական, քաղաքական և սոցիալ-տնտեսական տարածքի»։ Ինչպես նշվում է նախագահի հայտարարությունում, նման փաստաթղթի ստորագրումը «կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը և պետությունների միջև հարաբերությունների քաղաքակիրթ պրակտիկան, Վրաստանին և միջազգային հանրությանը դնում լրացուցիչ խնդիրների առաջ»։
Միևնույն ժամանակ Մարգվելաշվիլին կոչ է անում միջազգային հանրությանը «համատեղ քայլեր ձեռնարկել անեքսիայի դեմ»։
«Մենք հնարավոր և ցանկալի ենք համարում միջազգային ֆորումի անցկացումը, որտեղ կմշակվեն ինչպես երկարաժամկետ մոտեցումներ նմանատիպ խնդիրների հանդեպ, այնպես էլ կոնկրետ միջոցներ ընդդեմ Եվրոպայում նոր ոչ լեգետիմ սահմաններ հաստատելուն։ Այսօր մեզ անհրաժեշտ է միասնություն, ամրություն, խոհեմություն և անդադար աշխատանք՝ մեր պետականության դեմ տարվող ծայրահեղ վտանգավոր քաղաքականությանը դիմակայելու համար»,- նշել է Վրաստանի նախագահը։










