Սահմանամերձ համայնքների ղեկավարները գոհ են նոր օրենքի նախագծերից, բայց առաջարկություններ ունեն
Տավուշի մարզի Չինարի ու Մովսես համայնքների ղեկավարները դրական են համարում Կառավարության կողմից մշակված «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» և «Սահմանամերձ համայնքներում իրականցվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, չնայած այն բանի, որ նախագծերը մշակելիս իրենց հետ չեն խորհրդակցել։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սողոյանը նշեց, որ այդուհանդերձ դեռ օգոստոսյան դեպքերի ժամանակ վարչապետը, Կառավարության մի շարք անդամներ ու ԱԺ պատգամավորներ այցելել են համայնքներ ու հարցրել, թե ինչի կարիք ունեն:
«Շատ լավ է այն, ինչ որ պետք է արվի, լավ կլինի, որ գան մարդիկ, գործարաններ բացեն մեզ մոտ, շատ առողջարար հատապտուղներ ու մրգեր ունենք անտառներում, դրանք հավաքել ու մշակել է պետք: Գործարաններ որ բացվեն, մարդիկ կիմանան որտեղ մթերել բերքը, մարդիկ աշխատանք կունենան: Մենք ունենք մաքուր ջուր, կարելի է ջրերի լցման կետ դնել: Կարծում եմ, որ պետք է գործարարները գան ու սկսեն իրենց գործը արտոնյալ պայմաններում»,-ասաց նա:
Սամվել Սողոյանը նաև նշեց, որ կոմունալ վճարների 50%-ով վճարումը մեծ օգուտ է սահմանին ապրող մարդուն, քանի որ ընդամենը մի փոքր մասը ունի աշխատանք և ամեն ամիս աշխատավարձ է ստանում:
«Մեծ մասը սպասում է բերքին ու ամիս է լինում, որ իր տունը հազար դրամ չի մտնում, ու կոմունալի համար երեք հազար վճարն էլ իր համար մեծ դժվարություն է: Այդ առումով, սա շատ լավ նախագիծ է»,-ասաց նա և ավելացրեց, որ իրենք կառաջարկեն Կառավարությանը նաև նոր ծնվող երեխաներին ու մայրերին նպաստներ հատկացնեն, անկախ նրանից կինը աշխատում է, թե ոչ:
Սամվել Սաղոյանը առաջարկեց Կառավարությանը, որ ոչ միայն ադրբեջանական ահաբեկչության հետևանքով բնակիչներին պետության հաշվին բուժվելու հնարավորություն տան, այլ նաև սոցիալապես ծանր վիճակում գտնվողներին, այդ թվում՝ բոլոր երեխաներին:
Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանը նշեց, որ թեև ինքն էլ գոհ է նախագծերից և հասկանում է, որ հարյուր տոկոսանոց որևէ բան չի լինում, բայց ցանկանում է դրանց արդյունավետությունից խոսել միայն այն ժամանակ, երբ մարզպետարանից կստանան օրենքը և վերջնականապես կհասկանան, թե խոսքն ինչի մասին է:
«Հարցնում են, թե արդյոք ուշացա՞ծ չեն նախագծերը, բայց լավ է ուշ, քան երբեք: Ես ասեմ, շրջանառության հարկի վերացումը իհարկե լավ է, բայց այդ օրենքը հիմնականում ուղղված է գործարարներին, որ գան ու գործարաններ հիմնեն մեզ մոտ: Ես էլ ասում եմ, որ շատ լավ հատապտուղներ ունենք, առողջարար, ուղղակի պետք է մարդիկ գան ու գործ սկսեն: Բայց կգան, թե չէ, չեմ կարա ասեմ, էդ հետո կերևա»,-ասաց նա:
Հարցին, թե արդյո՞ք արտագաղթը կկանգնեցնի այս նախագծերը, Արարատ Ավալյանը հորդորեց լրագրողների առհասարակ չխոսել սահմանամերձ համայնքների արտագաղթից:
«Ամեն դեպքում, ովքեր էլ մնացել են, շատ որակով մարդիկ են, որովհետև կանգնած են սահմանին ու պաշտպանում են իրենց գյուղը»,-ասաց նա:










