Կոչ եմ անում՝ վերջին պահին կոճակը սեղմելիս, ընտրե՛ք ձեր սրտերում ազատությունը. Ա. Արզումանյանը դեմ է ԵՏՄ-ին
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման քննարկմանը հայտարարեց, թե Հայաստանի համար բախտորոշ պահ է, մինչդեռ ելույթ ունեցողները ինչ-ինչ նկատառումներով սևը սպիտակ են ներկայացնում:
«Բոլոր արգումենտները բերվում են, իբր թե, տնտեսական կողմից, իսկ նման մոտեցումները ոչ այլ ինչ են, եթե ոչ հասարակությանը մոլորեցնելու փորձ: ԵՏՄ-ն խորհրդային կայսրության ռեինկարնացիայի փորձ է, ինչը մերժելի է եղել մեր ողջ պատմության ընթացքում»,- ասաց նա և հավելեց, թե լիովին հասկանալի են մեծամասնության ճարահատյալ ճիգերը, որ դրական մի քանի առանձնահատկություններով ներկայացնեն՝ «Հռոմի պապից ավելի կաթոլիկ ձևանալով» և ՌԴ-ի տնտեսական վիճակը ժամանակավոր համարելով:
Նա մեջբերեց ՌԴ Ֆինանսների նախարարի կոչը՝ ուղղված ժողովրդին, որ սովորեք ապրել նոր պայմաններով, և չեն լինելու այն նույն եկամուտները և նույն աշխատավարձերը, որոնք կային առաջ: Դեռ ավելին, ըստ Արզումանյանի՝ դեռ ԵՏՄ-ն չկայացած, արդեն մի քանի օր առաջ հնարավոր փլուզման նախանշաններ ցույց տվեց, երբ Բելառուսի՝ ՌԴ մտնող բոլոր բեռները պետք է մաքսային զննման ենթարկվեն: «Սրանով ՌԴ-ն ապացուցում է, որ շարժվում է իր կամքով, և միակողմանի որոշումներ կայացնում: Սա ԵՏՄ ապագան է»,-ասաց նա:
Պատգամավորը նկատեց, թե սին են էներգետիկ, տնտեսական անվտանգության մասին բոլոր խոսակցությունները: «Ինչ էներգետիկ անվտանգություն, եթե բոլոր էներգետիկ համակարգերը 100%-ով տրվել են ՌԴ-ին, կապ չունի լավ թե վատ, ի՞նչ տնտեսական անվտանգություն, երբ սանկցիաների տակ ճկռում է երկիրը, ինչ բիզնես միջավայր, երբ սկում է ռուբլին, իր հետ տանելով դրամը»,- ասաց նա:
Ալեքսանդր Արզումանյանը նկատեց, թե հասկանալի է և պատվաբեր հանուն ազատության զրկանքների գնալը, մինչդեռ աբսուրդ է, երբ ազատության և ստորակայության ընտրություն ենք կատարելու, ինչպես այսօր է: «Ես պատմության ընթացքում չեմ տեսել, որ ժողովրդին տանեն նեղության, ստորացման՝ ազատությունից հրաժարվելու համար, սա աբսուրդ է: Ազատությունը օրենքներով ու պայմանագրով չես ձեռք բերում, ազատության ոգին մեր ժողովրդի սրտերում է, որը ծնվել է 88-ի շարժմանը, այսօր քվեարկությամբ սպանում ենք ազատության ոգին»,- ասաց նա և հայտարարեց, թե դեմ է քվեարկելու:
«Սա անընդունելի է, մեր երկրի համար, սա հղի է շատ ծանր հետևանքներով, և կոչ եմ անում վերջին պահին կոճակը սեղմելիս, ընտրեք ձեր սրտերում ազատությունը»,- նշեց նա:










