Երևանի կենդանաբանական այգում տեղադրվել է անվասայլակներով տեղաշարժվող երեխաների համար նախատեսված հատուկ ճոճանակ
Առանձնահատուկ կարիքներով մարդկանց խնդիրները մշտապես քաղաքային իշխանության ուշադրության կենտրոնում են, և ըստ այդմ էլ վերջին տարիներին նոր թափ են ստացել ոլորտում առկա հարցերի լուծմանը նպաստող մի շարք ծրագրեր: Որպես մատչելի Երևան ծրագրի շարունակություն` Երևանի կենդանաբանական այգում տեղադրվել է անվասայլակներով տեղաշարժվող երեխաների համար նախատեսված հատուկ ճոճանակ, որը հանրությանը կներկայացվի հաշմանդամների միջազգային օրը`դեկտեմբերի 3-ին կազմակերպվող միջոցառումների շարքում` ժամը 14:00-ին: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Երևանի քաղաքապետարանի և օտարերկրյա պետական և տեղական մասնավոր կառույցների համագործակցության շրջանակում, այս նախաձեռնությանն աջակցել են ՀՀ ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը և «Երևան ինթերնեյշնլ Ռոտարի ակումբը» : Բացմանը կմասնակցեն քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ՀՀ ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպանը, ինչպես նաև «Երևան ինթերնեյշնլ Ռոտարի ակումբը» -ի անդամները:
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 15:00-ին նմանատիպ միջոցառում կկայանա նաև Աջափնյակ վարչական շրջանի`Հանրապետական հիվանդանոցի հարևանությամբ գտնվող այգում: Այս դեպքում Երևանի քաղաքապետարանին ծրագրի իրականացման հարցում աջակցել է «Երևան ինթերնեյշնլ Ռոտարի ակումբը»:
Նույն կազմակերպության օժանդակությամբ մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան փողոցի՝ Առագաստ սրճարանի հարակից պուրակում ևս տեղադրվել է հատուկ ճոճանակ, որից առանձնահատուկ կարիքներով երեխաները կկարողանան օգտվել դարձյալ դեկտեմբերի 3-ից: Ծրագիրը շարունակական բնույթ կկրի: Խաղահրապարակների ընտրության հարցում հաշվի են առնվել հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների առաջարկությունները:










