Ռուս-թուրքական հարաբերությունները բավական կարևոր են տարածաշրջանի համար. Ալեքսանդր Իսկանդարյան
Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը համոզված է, մինչև Նոր տարի Հայաստանի ու Ռուսաստանի խորհրդարաններում կվավերացվի Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության վերաբերյալ պայմանագիրը:
«Շարունակում են սրվել ու վատթարանալ Ռուսաստանի հարաբերությունները Եվրամիության երկրների հետ, ինչը շատ կարևոր է մեր տարածաշրջանի համար: Այս համատեքստում բավական կարևոր է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա: Այս ամենի ֆոնին կտրուկ անկում են ապրում նավթի գները: Դրա ազդեցությունը արդեն զգում ենք մենք: Դա նախկինում ևս եղել է, բայց հիմա հասնում է ճգնաժամային իրավիճակի»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետը:
Նրա համոզմամբ՝ խաղ է ընթանում ու ՌԴ-Արևմուտք հարաբերություններն են վատանում և Ռուսաստանին փորձում են ինչ-որ կերպ մեկուսացնել, ու, բնականաբար, ՌԴ-ն փորձում է շրջանցել Արևմուտքն ու հարաբերություններ հաստատել այլ երկրների հետ:
«Դա վերաբերում է ոչ միայն Թուրքիային, այստեղ նաև Չինաստանն ու Հնդկաստանը կան: Դրան է վերաբերում նաև «Հարավային գազային միջանցքի» նախագիծը, որում Ռուսաստանը ներդրել է մոտ 8 մլրդ ԱՄՆ դոլար: Թե դա որքանով ճնշում կգործադրի Արևմուտքի վրա, ես չգիտեմ»,-ասաց քաղաքագետը:
Ինչ վերաբերվում է ռուս-թուրքական հարաբերություններին, ապա բանախոսի մեկնաբանմամբ՝ դրանք բավական կարևոր են տարածաշրջանի համար:
«Եթե ես չեմ սխալվում, Ռուսաստանը Թուրքիայի համար երկրորդ, իսկ Թուրքիան Ռուսաստանի համար՝ յոթերորդ գործընկերն է: Այն, որ թուրք-ռուսական հարաբերությունները բարելավվում էին վերջին տարիներին, դա այդպես է, Թուրքիան այժմ՝ Էրդողանի օրոք, իրեն զգում է ավելի քիչ կապված արևմտյան քաղաքականությանը, քան՝ նախկինում»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:










