Լիտվայի ՆԳՆ-ն առաջարկում է ապաստարաններ կառուցել տների նկուղներում՝ պատերազմի դեպքում
Լիտվայի ներքին գործերի նախարարությունը կարող է պարտավորեցնել շինարարներին նոր բնակելի տների նկուղները և ստորգետնյա անցումները նախապատրաստել բնակչության պաշտպանության համար՝ «հաշվի առնելով աշխարհաքաղաքական վտանգները», գրում է vedomosti.ru-ն՝ հղում անելով Delfi պորտալին:
Քաղաքացիական պաշտպանության վարչության ղեկավար Էռնեստ Տրունովը հայտարարել է, որ համապատասխան չափանիշները և տեխնիկական պահանջները մշակվում են Շրջակա միջավայրի պահպանության նախարարության հետ համատեղ:
«ՆԳՆ-ն կձգտի, որ շինարարության տեխնիկական կանոնակարգումը պահանջի բոլոր պատասխանատու անձանցից բնակելի շենքերում համապատասխան հատվածներ նախապատրաստել ոչ միայն ավտոմեքենաների և թանկարժեք իրերի պահպանման, այլև մարդկանց պաշտպանության համար՝ կախված շենքի նշանակությունից և նախատեսված մարդկանց քանակից»,- հայտարարել է Տրունովը:
Լիտվայի կառավարությունն ավելի վաղ մարզասրահները, մարզադաշտերը, ստորգետնյա ավտոտնակներն անվանել է հավաքական պաշտպանության շինություններ:










