Հայամետ լինելու մեղադրանքների ետևում ադրբեջանական իշխանություններն են. People in Need

09:49 • 03.12.14

Վերջին մի քանի օրերին Ադրբեջանի որոշ լրատվամիջոցներ People in Need (PIN) կազմակերպությունը հայամետ են անվանում, գրում է contact.az-ը:

 

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ PIN-ը Բաթումում տեղի ունեցած «Արևելյան գործընկերության» երկրների քաղաքացիական հասարակության հետ համաժողովի ընթացքում Ադրբեջանի մասին պաստառ էր պատրաստել:

 

«Հայամետ դիրքորոշում ունենալու մեղադրանքն ադրբեջանական քարոզչության հին մեթոդներից է՝ ցանկացած քննադատությունից խուսափելու և ուշադրությունը մարդու իրավունքների հարցում սարսափելի խնդիրներից շեղելու համար: Դա ապացույցն է այն բանի, թե ինչ ճնշումների են ենթարկվում Ադրբեջանում գործող միջազգային կազմակերպությունները»,-ասված է կազմակերպության ղեկավարի տարածած հաղորդագրության մեջ:

 

Օրինակ՝ այնպիսի հայտնի և հարգված կազմակերպություններ, ինչպիսին  Human Rights Watch-ն է կամ  Amnesty International-ը, պարբերաբար մեղադրվում են օբյեկտիվ չլինելու և հայամետ դիրքորոշում ունենալու համար:

 

PIN-ն աջակցում է Ադրբեջանի քաղաքացիական հասարակությանը 2013 թ.-ից ի վեր:

 

Այդ տարի Ադրբեջանի իշխանություններն սկսել էին ճնշումներ քաղաքացիական հասարակության դեմ՝ ձերբակալելով քիչ թե շատ հայտնի իրավապաշտպաններին և ճնշումների ենթարկելով գրեթե բոլոր անկախ ՀԿ-ներին: