Եթե այսպիսի աճ շարունակվի, ապա դրական միտում կգրանցենք. Վարուժան Հոկտանյանը՝ կոռուպցիայի ընկալման համաթվի մասին
Չնայած Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) աղյուսակում բարելավել է իր դիրքը նախորդ տարվա համեմատ, բայց «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը դեռևս չի ուրախանում այդ ցուցանիշով, բայց կուրախանա, եթե այդպես շարունակվի և միտում լինի:
«Այս աղյուսակում դիսպերսիան 3,2 տասնորդական է, այսինքն՝ պետք է 4 և ավելի միավորի փոփոխություն, որպեսզի մենք տեսնենք տենդենցը: Երկրորդ՝ եթե վերցնում եք երկար ժամանակահատված, ապա պետք է հասկանալ, տալի՞ս է տենդենց, թե՞ ոչ։ Ներկա պահին չեմ տեսնում, բայց եթե շարունակվի նման աճ, և մենք մի երկու տարի հետո ունենանք 44-45 ցուցանիշը , ապա, բնականաբար, այո՛, տենդենցը կլինի»,- կոռուպցիայի ընկալման համաթիվը ներկայացնելով՝ ասաց Վարուժան Հոկտանյանը:
Հիշեցնենք, որ «Կոռուպցիայի ընկալման համաթիվ 2013թ.» -ի մամուլի ասուլիսին Վարուժան Հոկտանյանը հայտարարեց, որ ընդհանուր տվյալներով կոռուպցիայի տեսանկյունից Հայաստանի պատկերը նորից մնում է տխուր և որ ինքը կուրախանա, եթե հաջորդ տարիներին ևս նման ցուցանիշ ապահովվի, այսինքն՝ արձանագրվի միտում:
«Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը այսօր լրագրողներին ներկայացրեց 2014 թվականի համար կոռուպցիայի ընկալման համաթիվը, ըստ որի՝ Հայաստանը հայտնվել է 175 երկրներից 94-րդ հորիզոնականում և ունի 37 համաթիվը՝ նախորդ տարվա 36-ի փոխարեն։
Կոռուպցիայի ընկալման համաթվի դասակարգման աղյուսակում ներառված 175 երկրների ավելի քան երկու երրորդի ԿԸՀ համաթիվը պակաս է 50 միավորից` 0-ից 100 սանդղակի վրա, որտեղ 0-ն նշանակում է, որ երկիրն ընկալվում է բացարձակապես կոռումպացված, իսկ 100-ը՝ կոռուպցիայից բացարձակապես զերծ:
ԿԸՀ-ից երևում է, որ Չինաստանն իր 36 միավորով ՝ 100 հնարավորից, Թուրքիան ՝ 45 միավորով և Անգոլան հայտնվել են ամենամեծ հետընթաց արձանագրած երկրների թվում, ինչը բնորոշվում է նախորդ տարվա համեմատ 4-5 միավորով ավելի վատ դիրքերում հայտնվելով: Իսկ առաջատար երկիրը Դանիան է, որի համաթիվը 92 է, ապա՝ Նոր Զելանդիան:
Հայաստանը ԱՊՀ երկրներից առաջինն էր, որ վաղ 2000-ականներին ընդունեց հակակոռուպցիոն ռազմավարություն, սակայն, չնայած այդ հակակոռուպցիոն ռազմավարություններին ու տարբեր միջոցառումներին, ցուցանիշները հեռու են լավ արդյունքներից և մոտ են «համակարգային կոռուպցիա » հասկացությանը:
ԿԸՀ-ն Հայաստանում սկսել է հրապարակվել 1995 թվականից սկսված, իսկ աղյուսակում հայտնվել՝ 99-ից:










