Աշխարհի հիմնական կրոնների ներկայացուցիչները Վատիկանում ստրկության դեմ հռչակագիր են ստորագրել
Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և այլ կրոնների առաջնորդներ ստորագրել են համատեղ հռչակագիր, որում իրենց աջակցությունն են հայտնում մինչ 2020-ը ժամանակակից ստրկությունը և մարդկանց վաճառքը վերացնելու ջանքերին, գրում է newsru.com-ը։
Բացի Հռոմի պապից, փաստաթուղթը ստորագրել են նաև Կոնստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսը, Անգլիայի եկեղեցու ղեկավար արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին, Կոնստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ, ռավիններ Դևիդ Ռոզենը և Աբրահամ Սկորկան, ինչպես նաև մուսուլման առաջնորդներ, 2 բուդդիստ և հինդուիստ։
Հռչակագրում նշվում է, որ ժամանակակից ստրկությունը, որը վերաբերում է հիմնականում մարդկանց վաճառքին, հարկադիր աշխատանքին և մարմնավաճառությանը, հանցագործություն է մարդկության դեմ և պետք է այդպիսին ճանաչվի բոլոր ազգերի կողմից։
Այդ կապակցությամբ Հռոմի պապը և մյուս հոգևոր առաջնորդները հաստատում են իրենց պարտավորությունները, որոնք ուղղված են դրդելու մարդկությանը գործել ի նպաստ այդ երևույթի վերացման։










