Վարակը լոկալիզացված է, զարգացումը՝ կանխված. Արմեն Մուրադյանը Եղվարդի մանկապարտեզի մասին
Եղվարդի թիվ մեկ մանկապարտեզում հաջողվեց լոկալիզանել ու կանխել դիզինտերիայի զարգացումը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և ընդգծեց, որ հիվանդների հիմնական մասը դուրս է գրվել, Նորքի սուր վարակիչ հիվանդանոցում երկու երեխա է դեռ շարունակում բուժում ստանալ, Եղվարդի հիվանդանոցում՝ 5-ը, որոնցից 4-ը երեխա, մեկը՝ մեծահասակ:
«Ուսումնասիրության արդյունքում հաստատվել է այն ախտորոշումը, որ դիզինտերիա է, որը կարող է պատահել կենցաղային պայմաններում: Դեպքը արտառոց էր թվաքանակի իմաստով: Դիզինտերիան համարվում է չլվացած ձեռքերի հիվանդություն: Իսկ թե ինչն սննդամթերքից կամ արդյո՞ք սննդամթերքից էր թե՝ ոչ, հարցերին կպատասխանեն իրավապահ մարմինները»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե շրջանառվում է նրբերշիկից վարակի տարածման տարբերակը, նախարարն ընդգծեց, որ կա 2013թ-ի առողջապահության նախարարի հրաման, որը կանոնակարգվում է, թե ինչ սնունդ կարող է ստանալ նախադպրոցական երեխան. երիշիկեղենը այդ ցուցակում բացակայում է:
«Թե ինչու են տալիս մանկապարտեզում այդ սնունդը չեմ կարող ասել, Առողջապահության նախարարությունը այստեղ վերահսկողության գործառույթ չունի: Կարող են ասել, որ վարակը միանշանակ ջրի միջոցով չի տարածվել, մնացած հարցերը պարզ կլինեն հետազոտություններից հետո»,- ասաց նա և ընդգծեց, որ բոլոր դուրս գրված երեխաները շարունակելու են ուշադրության տակ գտնվել՝ հետազոտություն են անցնելու:
Նախարարն ընդգծեց, որ գործը «ծածկադմբոց չի արվի», ինչի մասին խոսում է նաև այն, որ արդեն հարուցվել է քրեական գործ:










