Մեղադրանքներ՝ ուղղված ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենին. աշխատակիցը դիմել է ԳԱԱ նախագահին
Ես հրապարակավ ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Արկադի Կարախանյանին մեղադրում եմ գրագողության, գիտական էթիկայի խախտման մեջ: Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի աշխատակից Հայկ Մելիք-Ադամյանը և նշեց, որ բաց նամակով դիմել է ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին:
«Պարոն Կարախանյանը չի տիրապետում հայերեն գրել-կարդալուն, նա տառաճանաչ չէ, և դրա մասին բազմիցս բարձրաձայնել են թերթերը»,- ասաց նա և նշեց, որ հիմա էլ Արկադի Կարախանյանը ցանկանում է թղթակից անդամ դառնալ:
«Ես Արկադի Կարախանյանին մեղադրել եմ կոռուպցիայի մեջ, մասնավորապես՝ նա պաշտոնական դիրքի չարաշահում է թույլ տվել: Նա ղեկավար պաշտոնների համար մրցույթներ չի հայտարարել և նշանակել է իր ցանկացած մարդկանց»,- ասաց Հայկ Մելիք-Ադամյանը: Նա գտնում է, որ Ռադիկ Մարտիրոսյանը ծանոթ է այս ամենին, սակայն հովանավորում է նրան և ծածկադմփոց է արվում:
«Արկադի Կարախանյանը աղավաղում է հայ ժողովրդի պատմությունը, սուտ վկայություն է բերում և փորձում է ապացուցել, որ հայերն այստեղ տեղաբնակ չեն եղել, այլ եկվոր են»,-ասաց բանախոսը և նշեց, որ ժամանակին Ադրբեջանի նախագահ Ալիևը գումար էր տալիս գիտնականներին, որ նրանք ասեն, թե հայերը քոչվոր են, իսկ հիմա Կարախանյանի գրածները ջուր են լցնում Ադրբեջանի ջրաղացին:
Նա նշեց, որ թեև ինքը դատարան չի դիմել, սակայն պատրաստ է դատարանում իր մեղադրանքները ներկայացնել։
ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը, որպես պատասխան հնչած մեղադրանքներին, ասաց, որ Ռադիկ Մարտիրոսյանը հարցին տեղյակ է, խորհրդակցություն է անցկացնելու և հանձնարարել է ստեղծել հանձնաժողով, որպեսզի այս նամակում գրած փաստերը քննարկվեն:«Ես կարծում եմ, որ սև PR է կիրառվում և այս ամենը թղթակից անդամի ընտրություններին է ուղղված»,- կարծում է նա:
Ինչ վերաբերում է Արկադի Կարախանյանի հայերեն չտիրապետելուն, նա ասաց. «Մենք գիտենք, որ ով 35 տարեկան և ավելին է, դպրոցն ավարտել է Սովետական Միությունում և բնական է, որ կան մարդիկ, ովքեր ռուսական դպրոց են ավարտել ու հայերեն ավելի վատ գիտեն»:
Անդրադառնալով առանց մրցույթի պաշտոններ նշանակելուն, նա ասաց, որ ինստիտուտներում կան կադրային խնդիրներ, և թափուր պաշտոնների համար պետք է մրցույթ հայտարարվի, այնինչ այս պահին չկա թափուր տեղ:
ՀՀ ԳԱԱ ԵԳԻ պետրոլոգիայի և օգտակար հանածոների բաժնի վարիչ Ռաֆայել Մելքոնյանի համար անհասկանալի էր, որ այս քննարկումը տեղի է ունենում մամուլի ասուլիսի ժամանակ, նա նշեց, որ վերջին երեք տարիներին Կարախանյանը զեկույցները ներկայացնում է հայերենով: «Ես գտնում եմ, որ մեղադրանքները անհիմն են, անհարմար է, որ գիտաշխատողը նման բաներ է հայտարարում»,- ասաց նա և ավելացրեց, որ Կարախանյանը ամբողջ աշխարհում ճանաչված մասնագետ է:










