Մեքսիկայում մոտ 300 դասախոս գրավել է կառավարական շենքը
Մեքսիկայի արևմուտքում գտնվող Գերերո նահանգում 300 դասախոսից կազմված խումբը գրավել է կառավարական շենքն ու ստիպել աշխատողներին ու սպասարկող անձնակազմին լքել շենքը:
Ինչպես նշում է itar-tass.com-ը, դասախոսներն այս ակցիան նախաձեռնել են ի նշան սեպտեմբերին Իգուալայում 43 ուսանողի առևանգման դեպքի դեմ բողոքի:
Դասախոսների արհմիության անդամները կոտրել են շենքի դուռն ու դուրս բերել նահանգի նախկին նահանգապետերի բրոնզե կիսանդրիները, դիմանկարներն ու այրել դրանք փողոցում:
Այդ ողջ ընթացքում ակցիայի մասնակիցները բղավել են. «Նրանց առևանգել են ողջ, ողջ վիճակում էլ ուզում ենք նրանց տեսնել»: Բացի այդ, նրանք փակել են շենքի դուռն ու հայտարարել, որ կբացվի այն ժամանակ, երբ երիտասարդները վերադարձվեն։ Իսկ եթե հաստատության աշխատանքը վերականգնվի, իրենք կվերադառնան ու կայրեն շենքը:
Աղբյուրը հավելում է, որ երկրի տարբեր քաղաքներում տեղի են ունենում բողոքի ակցիաներ, որոնց մասնակիցներն իշխանություններից պահանջում են ողջ-առողջ վերադարձնել անհետացած ուսանողներին:










