ԵՏՄ-ի քննադատներն այսօր ծափահարում էին ՀՀ Նախագահի վարած արտաքին քաղաքականությանը. Էդուարդ Շարմազանով
Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն, այսօր կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո անդրադառնալով Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հարցին, ասաց, որ երբ ՀՀ Նախագահը սեպտեմբերի 3-ին հայտարարեց այդ մասին, քննադատության ալիք բարձրացավ: «Իրար հերթ չտալով՝ քաղաքական գործիչներից շատերը քննադատում էին, բայց այսօր 103 կողմ ձայները ցույց տվեցին, որ բացի յոթ պատգամավորից՝ մնացածն իրենց քվերակությամբ ընդունեցին, որ ՀՀ Նախագահի վարած արտաքին քաղաքականությունը ո´չ միայն ընդունելի է, այլև՝ նրանք ծափահարում էին այդ քաղաքական կուրսին»,-ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ նրանք, ովքեր դեմ էին խոսում, այսօր ԱԺ-ում քվեարկության ժամանակ նրանցից մեկ, երկուսը դահլիճում չէին. «Եթե այդքան մտահոգված էին մեր ժողովրդի ապագայով, ապա միգուցե ավելի ազնիվ կլիներ, որ նրանք ներկա լինեին, բայց երբ հայտնի դարձավ նրանց կուսակցությունների կարծիքը, նրանք նախընտրեցին լռել»:
Թե մասնավորապես քննադատողներից ում մասին է խոսքը, Էդուարդ Շարմազանովը խորհուրդ տվեց հիշել, թե ով էր ասում, որ ԵՏՄ-ին անդամակցելը նվաստացուցիչ պայմանագիր է, այն համարում էր վասալություն:
«Պոպուլիզմը որևէ մեկին չի գեղեցկացնում և չի ավելացնում քաղաքական քաշը: Մենք այն քաղաքական գործիչներից չենք, որոնք օրվա ընթացքում մինչև ժամը մեկն ասում են մի բան, մեկից հինգը՝ մեկ այլ բան, իսկ օրվա վերջում էլ չեն հիշում, թե ինչ են ասել առավոտյան»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է իշխանափոխության կոչեր հնչեցնելուն՝ ՀՀԿ խոսնակը նշեց, որ դա հնչեցնողների գործն է. «Ցանկացած գործչի և կուսակցության խնդիրն է իր ռազմավարությունը մշակելը, բայց ամբողջական իշխանափոխության հարց, որպես այդպիսին, գոյություն չունի, ինչն էլ ապացուցեց մեր գործընկերներից մեկի նախաձեռնած ստորագրահավաքը: ԱԺ քաղաքական ճնշող մեծամասնությունն ընդունում է, որ ամբողջական իշխանափոխության հարցն այսօր արհեստական և մտացածին հարց է»:
Նա նաև տեղեկացրեց, որ ԵՏՄ-ի հայաստանյան ներկայացուցչի թեկնածուներ արդեն կան, բայց դա դեռ հրապարակման հարց չէ:
Հարցին, թե ինչո՞ւ այդ հարցը հանրաքվեով չորոշվեց, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ այսօրվա իրավիճակը ցույց է տալիս, որ ԵՏՄ-ին անդամակցելու հարցի շուրջ հանրաքվե անցկացնելն իրատեսական չէ. «Ես շատ ողջունում եմ այն մարդկանց տեսակետը, ովքեր դեմ են, բայց պետք չի խեղաթյուրել իրականությունը: Այդ խեղաթյուրողները պետք է հիշեն, որ ՀՀ-ն ասոցացման պայմանագրից չի հրաժարվել:Եվրոպացի մեր գործընկերները պատրաստ են շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ»:
Իսկ հարցին, թե արդյո՞ք ՀՀԿ-ն լոբբիստական աշխատանքներ է տանում այլ ուժերի իր կողմը գրավելու համար, Է. Շարմազանովը պատասխանեց. «ՀՀԿ-ն երբեք ականներ չի դնում, չի գնում գործարքների, ամեն ինչ անում է հրապարակային»:










