Երբ նույն Արևմուտքը շատ հանգիստ է վերաբերում ՀՀ-ի անդամակցությանը ԵՏՄ-ին, դուք ինչո՞ւ եք անհանգստանում. Վ. Բաղդասարյան
ԱԺ-ում ներկայացնելով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի վերաբերյալ «Հանրապետական» խմբակցության տեսակետը՝ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր խոսեց այն առավելություններից, թե ինչ կտա ԵՏՄ շուկան:
Ըստ նրա՝ հայկական ապրանքների՝ ԵՏՄ արտահանման ու ներմուծման ժամանակ մաքսային ձևակերպումները կվերացվեն, արդյունքում կկրճատվեն գործարարների համար ֆինանսական ծախսերն ու ժամկետները: ԵՏՄ երկրներից ապրանքների ներմուծումը կկատարվի առանց խոչընդոտների, քանի որ այն արդեն իսկ համապատասխանում է Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերին:
Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ անդամակցությունից հետո ձևավորվելու է աշխատանքային միասնական շուկա, միգրանտների համար եղած խնդիրները կնվազեն, կբարելավվեն շուկայական պայմանները, կձևավորվի միասնական շուկա:
«Միասնական շուկան ենթադրում է ոչ սակագնային միջոցների չկիրառում փոխադարձ առևտրում: ԵՏՄ երկրների կողմից կիրառվող արտահանման մաքսատուրքերի վերացումը թույլ կտա հայկական արտադրողներին ունենալ ավելի ցածր գնով հումքային ապրանքներ, ինչը կապահովի միջազգային շուկայում հայկական ապրանքների մրցունակության բարձրացմանը»,-ասաց նա:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ ԱՄՆ դեսպանն այս ընտրությունը դրական է գնահատել ու ասել, որ պատրաստ է համագործակցության: «Ե՛վ եվրոպացիները, և՛ Արևմուտքի լավ գիտակցում են, որ միջուկային հզոր գերտերություն հանդիսացող Ռուսաստանը, եթե գնա ֆորսմաժորային իրավիճակի, ինչ կարող է լինել իրենց անվտանգության հետ, և այդ հարցը բարձրացնում ենք շատ խստորեն»,-ասաց նա և հույս հայտնեց, որ գերտերությունների միջև եղած լարված իրավիճակը երկար չի տևի:
Ի դեպ, Վահրամ Բաղդասարյանը չթաքցրեց զարմանքը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի՝ դեմ լինելու հայտարարության մասով: Նշենք, որ եզրափակիչ ելույթներում միայն «Ժառանգությունը» հայտարարեց, որ դեմ է պայմանագրի վավերացմանը:
«Ես զարմանում եմ ԵՏՄ-ին ընդդիմադիր իմ գործընկերների հուզմունքի վրա, երբ որ նույն Արևմուտքն ու ամերիկացիները շատ հանգիստ են վերաբերում։ Ես զարմանում եմ ձեր անհանգստության վրա, ինչո՞ւ եք անհանգիստ և նույնիսկ հուզված: Պետք չէ անհանգստանալ»,-նշեց նա:










