«Ժառանգությունը» դեմ է ԵՏՄ անդամակցությանը. Ռուբեն Հակոբյանը կոչ արեց քվեարկել խղճի մտոք
ԵՏՄ-ին միանալու պայմանագրի քննարկմանը «Ժառանգություն» խմբակցության անունից ԱԺ-ում ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ով հայտարարեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու և պատգամավորերին կոչ արեց քվեարկել խղճի մտոք:
Նա վստահ է, եթե խորհրդարանն իր կամքով քվեարկի, ապա առնվազն 1/3-ը դեմ է լինելու.«Եկեք մենակ էս պահի մասին չմտածենք, խնդրում եմ՝ խղճի մտոք քվեարկեք»:
Մինչ այդ Հակոբյանը պետությունը համեմատեց ընտանիքի հետ։ «Յուրաքանչյուր ընտանիք, ըստ էության, հանդիսանում է պետության միկրոմակետ, հիմա տեսեք, եթե ընտանիքը կազմակերպված չէ, ընտանիքում կան անդաստիարակներ, անբարոյականացներ, ի՞նչ են մտածում հարևանները. հարևանները մտածում ենч ինչպես օգտվել այդ ոչ կազմակերպված ընտանիքից»,-ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ մեկը կարող է մտնել խոհանոց, մյուսը՝ մինչև ննջարան ու անգամ անկողին:
Ռուբեն Հակոբյանը կոչ արեց որևէ մեկին չմեղադրել մեր խնդիրների մեջ՝ ո՛չ Արևելքին, ո՛չ Արևմուտքին, քանի որ, ըստ նրա, և՛ Արևելքի, և՛ Արևմուտքի խնդիրն է օգտվել սխալներից:
Հակոբյանի խոսքով՝ Հայաստանն իր արտաքին քաղաքականությամբ նմանվում է մի սիրառատ կնոջ, ով օրվա կեսը սիրում է մի տղամարդու, մյուս կեսը՝ մեկ այլ տղամարդու, իսկ հետո փակում են այդ կնոջը՝ մտածելով, որ «կարող է լեվի գնա»:
«Կոպիտ եմ ասում, բայց դա է իրականությունը։ Ռուսաստանի վրա մենք շատ թանկ նստեցինք, որպեսզի տանեն ՄՄ, իրենց հաշվարկներով՝ մոտ 4 միլիարդ դոլար է արժեցել, որ ՌԴ-ն համոզի Բելառուսին ու Ղազախստանին, որ Հայաստանը լինի ներսում»,-ասաց նա:










