Մայր Աթոռը անհիմն է համարել պատրիարքի մեղադրանքները, իշխանությունների հանդեպ ներկայացրածը ևս պետք է դիտարկել այս համատեքստում. Տ. Հովակիմ

14:43 • 04.12.14

Օրերս համացանցում տարածվեց Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի աղմկահարույց նամակը, որում Ամենայն Հայոց կաթողիկոսի, Մայր Աթոռի հասցեին ուղղված մի շարք մեղադրանքների հետ «անտեսված» չէին նաև ՀՀ իշխանությունները: Վերջին խնդրի հետ կապված Tert.am-ը փորձեց որոշ մեկնաբանություններ ստանալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանից։


-Սրբազան հայր, ընդունելով հանդերձ եկեղեցականի տարբեր հարցերի վերաբերյալ մտահոգություններ արտահայտելու իրավունքը, այնուհանդերձ գոնե մեզ համար որոշ պարզաբանման անհրաժեշտություն կա, թե ինչո՞ւ Երուսաղեմի պատրիարքը իր քննադատության սլաքը ուղղում է նաև իշխանությունների վրա` նրանց մեղադրելով «անկրոնության» և «անհավատության» մեջ: Կուզենայինք լսել այս  մասին Ձեր մեկնաբանությունները:


- Երևույթի նկատմամբ իմ վերաբերմունքը ես արտահայտել եմ իմ հոդվածի մեջ, որը հրապարակվել է օրերս:


Հավանաբար տեղյակ եք, որ այս առիթով արտահայտվել է նաև Մայր Աթոռի դիրքորոշումը գերագույն հոգևոր խորհրդի  հայտարարությամբ, որտեղ անհիմն են համարվել պատրիարքի ներկայացված մեղադրանքները և անընդունելի` օգտագործված ոճն ու բառապաշարը: Իշխանությունների հանդեպ ներկայացված մեղադրանքները ևս պետք է դիտարկել այս համատեքստում:


-Իսկ Ձեր գնահատմամբ ինչպիսի՞ն է իշխանության վերաբերմունքը եկեղեցու հանդեպ։


- Գնահատականները թողնելով ընթերցողներին` ես կբավարարվեմ  միայն փաստերի արձանագրմամբ: Պետք է նշել, որ ներկայիս Երուսաղեմի պատրիարքության Ժառանգավորաց վարժարանը համալրվում է մեծավմասամբ հայաստանցի երիտասարդներով: Եվ, ըստ ամենայնի, պետությունը աջակցություն է տրամադրում ուսանողների մեկնման համար` անհրաժեշտ զինվորական տարկետում տրամադրելով և անհրաժեշտ բոլոր ընդառաջումները կատարելով:


Այս ամռանը Մայր Աթոռ այցելեց Երուսաղեմի պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը: Որքան տեղյակ եմ պատրիարքը հանդիպում ունեցավ նաև ՀՀ Նախագահ տիար Սերժ Սարգսյանի հետ և արժանացավ շատ բարձր ընդունելիության: Տեղյակ եմ նաև, որ վերջերս ՀՀ Նախագահն այցելեց Հորդանան` մասնակցելու Սուրբ Կարապետ եկեղեցու բացման արարողությանը, օծումը կատարվեց հենց Սրբազան պատրիարքի ձեռամբ: Եվ տեղյակ եմ նաև, որ ՀՀ Նախագահի կողմից առավելագույն հարգանք ու պատշաճ վերաբերմունք ցուցաբերվեց պատրիարքի հանդեպ: Պատրիարքի կողմից տեղյակ չեմ, որ որևէ դժգոհություն արտահայտված լինի առհասարակ:


Ինչ վերաբերում է ընդհանրապես ՀՀ Նախագահի և իշխանությունների եկեղեցու հանդեպ վերաբերմունքին, ապա ասեմ, որ իշխանությունները իրենց հնարավորության սահմաններում հարգելով հանդերձ ժողովրդավարական հասարակարգին բնորոշ առանձնահատկությունները, բոլոր հարցերում առանձնահատուկ վերաբերմունք են ցուցաբերում Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հանդեպ:


Վստահ եմ, տեղյակ եք նաև, որ ՀՀ Սահմանադրությունը ևս ամրագրում է Հայ եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի կյանքում:


Կարծում եմ հիշյալ փաստերը ավելի խոսուն են, քան որևէ գնահատական:


Այսքանը, շնորհակալություն: