Այս պայքարը չի ճանաչելու ո՛չ եղանակ, ո՛չ ստվերային խաղեր. Րաֆֆի Հովհաննիսյան
Թ Ա Ր Մ Ա Ց Վ ՈՒ Մ Է
Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական ժողովը՝ «Ազատ, անկախ, սահմանադրական Հայաստան» խորագրով։ Ժողովին կարող եք հետևել ուղիղ եթերով։
Ուղիղ եթերը՝ «Ազատություն» ռադիոկայանի։
18.21
Թող որևէ մեկը չասի, թե ԵՏՄ-ի անդամակցության հաստատումն իրենից կախված չէր. Զարուհի Փոստանջյան
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը նույնպես անդրադարձավ ԵՏՄ անդամակցությանը՝ դրան կողմ քվերակողներին անվանելով դավաճաններ:
«Երեկվա քվեարկությունը դավաճանների քվեարկություն էր և թող որևէ մեկը չասի, թե դա իրենից կախված չէր: Ովքեր քվեարկեցին կողմ, դավաճանել են մեր ազատությանը, մեր անկախությանը, իրենք իրենց են դավաճանել և իրենց երեխաներին»,-ասաց նա:
Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ այլևս չպետք է նստել տանը, չպետք է դիտորդի դերում լինել, այլ յուրաքանչյուրը պետք է լծվի գործի: Գործողությունները տարբեր են և դրանց համար պետք է դրսևորել կամք: Այդ գործողությունները կարող են լինեն գործադուլներ, նստացույցեր դատավարություններ:
«Մեր մի քանի հազարամյա պատմության ընթացքը եկել հասել է այսօրվա, երբ մենք հավաքվել և ուզում ենք փոխել մեր կյանքը: Մեզ սպասվելու են դժվարին օրեր, թե սոցիալական վիճակն է ավելի վատանալու, թե քաղաքական ճգնաժամն է ավելի ցայտուն դառնալու: Քաղաքական ուժերը պետք է համախմբվեն: Պարոն Հովհաննիսյանը, որպես ընտրված նախագահ, բոլոր միջոցները ձեռնարկում է, որ այդ համախմբումը կայանա: Ես համոզված եմ, որ այդ գործը հաջողվելու է»,-ասաց նա:
18.15
Մի քիչ սառելով, ամռանն էլ՝ շոգելով, տևական պայքարի արդյունքում կունենանք փոփոխություն. Դավիթ Սանասարյան
«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանն ասաց, որ այսօր ժողովուրդն ունի բոլոր պատճառները ընկճվելու, սակայն դրա իրավունքը չունի, քանի որ պետք է առաջ շարժվի, ոչ թե հետ կանգնի:
«Ես վստահ եմ, որ թեկուզ մի քիչ սառելով, ամռանն էլ՝ շոգելով, տևական պայքարի արդյունքում կունենանք փոփոխություն: Հայաստան գետը բաժան-բաժան եղած է և Հայաստանի քաղաքացիները տարբեր քաղաքական ուժերի խաղերի արդյունքում քաշվել են իրենց փոսը և բաժան ջրեր դարձել: Մեր խնդիրն է էդ ջրերը միավորել, գետ դարձնել ու մեր պապերի երազանքի հունը առաջ տանել»,- ասաց նա:
Այնուհետև Դավիթ Սանասարյանը մեջ բերեց անազատության մեջ գտնվող «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի այն խոսքերը, որ հայ մարդու մեջ պետք է փոխվի արժեհամակարգը:
«Արժեքների հեղափոխություն է պետք իրականացնել, աթոռների փոխելու գործընթացը ոչինչ չի տա: Միայն արժեքների հեղափոխությամբ կարող ենք երկիր փոխել»,- ասաց նա:
18.01
ԵՏՄ-ին անդամակցելը անդառնալի մի իրավիճակի սկիզբ է լինելու. Հրանուշ Խառատյան
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ևս անդրադարձավ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրերի ընդունմանը:
«Դա բավականին հստակ տարածք է, որտեղ իր թելադրանքներն է լինելու: Ամեն ինչ առայժմ տանում է նրան, որ ԵՏՄ-ին անդամակցելու ռեժիմը տանելու է թելադրանքի: Եթե նոր է սկսում մի տնտեսական գոտին և արդեն իսկ այսքան խնդիրներ է առաջացնում քիչ թե շատ կայուն երկրներում, ապա պատկերացրեք, թե մեր երկրի համար դա ինչքան նոր խնդիրների շարունակությունը կլինի»,-ասաց նա:
Վերջինս նաև հայտարարեց, որ այդ անդամակցությունն անդառնալի մի իրավիճակի սկիզբ է լինելու. «Արդեն անշրջելի է մեր երկրի բազմաթիվ ռեսուրսների սպառումը մեր հայ բոլշևիկների ձեռքով, հիմա նրանց միանում են նաև ռուս բոլշևիկները, ինչու չէ նաև թուրք բոլշևիկները: Մենք հիմա շատ լուրջ սպառնալիքի առաջ ենք՝ կամ մեր երկրի կորստի կամ մեր կյանքերի կորստի»:
Հրանուշ Խառատյանը նշեց, որ շատ տագնապած է այն բանից, որ այսօր, երեկ և վերջին տարիներին այդքան քիչ մարդ կամք դրսևորեց ԵՏՄ-ին գործընթացը հասկանալ և փորձել ազդել դրա վրա:
«Առաջիկայում եթե այս պասիվությունը շարունակվի, մենք կունենանք ավելի անշրջելի երևույթ»,-ասաց նա:
17. 48
Մեծարում են Նժդեհին, բայց մոռանում, որ հենց այդ Ռուսաստանն էր, որ սպանեց Նժդեհին. Շահեն Հարությունյան
Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած քաղաքացիական ժողովին այսօր ելույթ ունեցավ նաև «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար, վեց տարի պայմանական ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը:
«Այսօր Հայաստանի երրորդ հանրապետությունն արդեն 23 տարեկան է: Բայց այսօր ուրանում են հայ ժողովրդի դարավոր պայքարը: Այսօր մեծարում են Նժդեհին, բայց մոռանում, որ հենց այդ Ռուսաստանն էր, որ սպանեց Նժդեհին: Մենք միացել ենք այդ կործանարար միությանը: Ես Թուրքիայի և Ռուսաստանի միջև տարբերություն չեմ դնում: Մեզ ասեք իրականությունը, ասեք, որ ռուսը մեր թշնամին է»,-ասաց նա:
Նա իր ելույթում ներկայացրեց պատմական փաստեր, թե ինչու չպետք է միանալ Ռուսաստանի հետ որևէ միության:
Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց երիտասարդին և ավելացրեց, որ առաջին թշնամին մեր մեջ է. «Մեր ստրկամտության մեջ է: Առաջին հերթին հայ մարդը չպետք է լինի արտագաղթող, գլուխը կախ, օտարին ենթակա»:
17.44
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած քաղաքացիական ժողովի ժամանակ անդրադարձավ Ազգային ժողովի կողմից ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրերի ընդունմանը:
«Երեկվա քվեարկության հարցում դավաճանությունն այն է, որ մենք թույլ տվեցինք այս իշխանությունները մնան: Եթե դավաճան ենք, ապա բոլորս ենք դավաճան: Ես որևէ մեկին դավաճան չեմ ասելու: Այս իշխանությունները մեր արտաքին քաղաքականաության հետ խաղ խաղացին և դա բոլորիս մեղքն է»,-ասաց նա:
Վերջինս նաև հայտարարեց, որ ինքը եղել և մնում է միասնական պայքարի կողմնակից, բայց Հայաստանի քաղաքական դաշտում ամեն մեկն իր նեղ քաղաքական շահով առաջնորդվեց։
«Եվ դրա պատճառով մենք այսօր այդ վիճակում ենք: Այսօր խորհրդարանի մեր շատ գործընկերներ կոնյուկտուրայից ելնելով կողմ քվեարկեցին: Երևի թե, պետք չէր անել: Ես կարծում եմ՝ մենք մինչև իշխանափոխություն Հայաստանում չիրականացնենք, մենք չենք
կարողանալու ազգային շահի հիման վրա արտաքին քաղաքականություն իրականացնել»,– ասաց նա:
Նրա խոսքով՝ եթե ԵՏՄ-ին անդամակցելն անվտանգության հետ կապված համաձայնագիր էր, ապա Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, լավ թե վատ, Ռուսաստանի հետ ունի երկկողմանի պայմանագիր: «Ուստի իշխանության այս քայլը ոչ մի կերպ ընդունելի չէր»,-ասաց նա և շեշտեց. «Չկա պայքարի այլ ուղի, քան չարենցյան միասնությունն է»:
17.32
Այս պայքարը չի ճանաչելու ո՛չ եղանակ, ո՛չ ստվերային խաղեր. Րաֆֆի Հովհաննիսյան
Բացման խոսքով հանդես գալով հրավիրված քաղաքացիական ժողովին, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ «այս պայքարը մեր ազատության, մեր ինքնիշխանության համար՝ տևական է և չի ճանաչելու ո՛չ եղանակ, ո՛չ ստվերային խաղեր, այլ գնալու է ընդառաջ»:
Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցրեց, որ մի քանի շաբաթ առաջ այս նույն հարթակում ինքը պատռել է իր ելույթը, բայց նշեց, թե հիմա կուզեր երկու պարբերություն ընթերցել այդ «ճղված ելույթից»:
«Այս աշխարհի վրա, մեր երկրում ոչ մի անշրջելի բան չկա: Ոչ մեկը լուսանցքային չէ: Ամեն մարդ կապ ունի մեր երկրին, մեր հայրենիքի և մեր ապագայի հետ: Մարդիկ գործ չունեն և դա ցավալի է մեզ համար, և մենք միասին հետաքրքրվում ենք, թե ինչ կարող ենք անել, որպեսզի վերականգնվի այդ աշխատատեղը, վերադարձի ճանապարհը: Ամոթ բան չկա, ամենքս վախենում ենք, որ սա խաղ չէ, մենք ինչ-որ բան գիտենք այդ մասին, մենք գրեթե կորցրել ենք ամեն ինչ, սակայն նաև գիտենք միավորվելու իմաստը և ժամը: Այժմ Հայաստանը պայքարում է կրկին: Ես շատ դաժան պահեր և անկման շրջաններ եմ տեսել իմ կյանքի ընթացքում, նաև դուք»,-հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ շարունակելով. «Այն ամենը, ինչը նշանակություն ունի հիմա դեռ առջևում է»:










