Օրեցօր ուկրաինացիները միավորվում են որպես քաղաքացիներ, որպես եվրոպացիներ. Պորոշենկոյի հոդվածն ամերիկյան թերթում
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ամերիկյան The Wall Street Journal պարբերականում հոդված է գրել այն մասին, թե ինչպես է պատրաստվում եվրոպական ժողովրդավարական երկիր կառուցել, փոխանցում է Обозреватель-ը։
«1991-ից ի վեր (երբ Ուկրաինան դարձավ անկախ պետություն) առաջին անգամ երկիրը հնարավություն է ստացել վերածվելու իրական եվրոպական ժողովրդավարական երկրի»,- գրել է Պորոշենկոն։
Խորհրդարանը և կառավարությունը կողմ են բարեփոխումներին և եվրոպամետ են, և Ուկրաինան ուժ է ձեռք բերել՝ հիմնարար փոփոխություններ իրականացնելու համար, որին երկար ժամանակ է սպասում է ուկրաինացի ժողովուրդը և միջազգային հանրությունը, ասվում է հոդվածում։
Պորոշենկոն գրել է, որ պետկառավարման լավագույն մեթոդները կիրառելու համար ստեղծվել է նոր տեխնոկրատական կառավարություն, ընդ որում՝ «նախարարական 3 պաշտոնները զբաղեցրել են արտասահմանցիներ»։ Նախագահի խոսքով՝ այժմ կառավարության գլխավոր խնդիրը կոռուպցիայի դեմ պայքարն է, որից դժգոհելն էլ դարձավ Մայդանում ցույցերի գլխավոր պատճառ։
«Ուկրաինան վերջապես պատրաստ է կառուցել ամուր պետություն։ Մոսկվայից եկող սպառնալիքը միայն ամրապնդել է ուկրաինացիների հավատը դեպի հիմնարար արժեքների հաստատում՝ արժանապատվություն, ազատություն, անվտանգություն և արդարություն։ Արևելքի և Արևմուտքի միջև տատանումներին, որոնք տևում էին 23 տարի, վերջ է դրվել. մեր քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը ցանկանում է, որ Ուկրաինան լինի եվրոպական և մնա միասնական»,- ասվում է հոդվածում։
Սուրբ գիրքը սովորեցնում է, որ ինքն իր մեջ պառակտված թագավորությունը չի կարող ամուր լինել, գրել է Պորոշենկոն՝ հավելելով, որ իրենք այդ հնարավորությունը չեն տա թշնամուն։ «Օրեցօր ուկրաինացիները միավորվում են որպես քաղաքացիներ, որպես կառավարիչներ, որպես եվրոպացիներ»,- եզրափակել է նախագահը։










