Մենք պարտավոր ենք միացյալ հարթակ և միացյալ օրակարգ ունենալ. Զարուհի Փոստանջյան
Եռյակը փոքր համագործակցության ֆորմատ է, որը դեռ չի վերածվել հանրության և ազգային շահը սպասարկող խմբավորման: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը։
«Ցանկալի է, որ այն վերածվեր լայն համագործակցության, որը կսպասարկեր հայ ժողովրդի շահը, և դուք գիտեք, որ պարոն Հովհաննիսյանը հայտարարեց, թե միացյալ հրապարակի առջև դեռ չկա միացյալ հարթակ։ Կապ չունի, թե ովքեր են այդ գործողությունը կատարողները, բայց հանրությունն այսօր պահանջում է միացյալ հարթակի առկայություն, ինչը պարտավոր ենք ապահովել»,-նշեց նա։
Հարցին, թե ժառանգությունը հենց այդ միացյալ հարթա՞կն է փորձում ձևավորել՝ եռյակից առանձին հավաքներ կազմակերպելով, պատասխանեց. «Այո', մենք պարտավոր ենք միացյալ հարթակ և միացյալ օրակարգ ունենալ»։
Թե ինչ նոր բան է առաջարկում Ժառանգությունը, որ եռյակի մյուս երկու խմբակցությունը չեն համաձայնվում, նա պատասխանեց. «Միացյալ օրակարգը չի ենթադրում միայն խմբակցությունների համագործակցությունը, պետք է համախմբել և հանրության բոլոր գույները ներկայացնել այստեղ»։










