Շախմատի տանն անցկացվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության շախմատի ավանդական 12-րդ առաջնությունը
Շախմատի տանն այսօր անցկացվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության ավանդական 12-րդ մարզական ծրագրով արագ շախմատի առաջնությունը, որին մասնակցում են Երևան քաղաքի 12 և մարզերի 7 հավաքական թիմեր: Ինչպես այսօր առաջնության ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության նախագահ Ռազմիկ Ստեփանյանը, բոլոր մասնակիցները կուսակցության անդամներ են, ինչը մասնակցության համար պարտադիր պայման է:
«Միջոցառումն անց է կացվում երկու կարգով՝ բարձրակարգ մարզիկներ, որոնք ունեն բարձր կարգեր և շախմատի սիրահարներ՝ սիրողական կարգավիճակով խաղացող մարզիկներ: Միջոցառմանը մասնակցում են կանայք առանձին մրցաշարում, տղամարդիկ՝ առանձին: Այդ մրցաշարի կազմակերպմամբ, մենք զգում ենք, թե շախմատը որքան սիրված մարզաձև է և՛ մեր կուսակցության անդամների, և՛ ընդհանրապես հանրապետության մարզասերների կողմից»,-ասաց նա:
Ռազմիկ Ստեփանյանը նշեց, որ միջոցառումը կայացած է, որովհետև բարձրակարգ բոլոր շախմատիստները, որոնք հանրապետությունում են գտնվում պարտադիր մասնակցում են, իսկ գրոսմայստերների բացակայությունը պայմանավորված է նրանով, որ նրանք ներկայումս մասնակցում են միջազգային մրցաշարերի: «Մենք շատ ուրախ ենք, որ տարեց տարի մասնակիցների թիվն ավելանում է»,- ասաց նա:
Ռազմիկ Ստեփանյանը նաև տեղեկացրեց, որ մրցաշարի մրցանակաբաշխությանը ներկա է լինելու է ՀՀ նախագահը, և հենց ինքն էլ շնորհելու է մրցանակները:
«Լինելու են թիմային առանձին պարգևատրություններ, իսկ տարածքային կազմակերպությանը կտրվի հաղթողի գավաթ, թիմի անդամները հանրապետության Նախագահի կողմից պատվոգրեր կստանան, հուշանվերներ մեդալներ: Բայց կարծում եմ, որ կարևորն այն է, որ մարդիկ հավաքվում են, իրար հետ խաղում են, զրուցում են, ուրախանում են»,- ասաց նա:










