Պետդեպի խոսնակը տհաճ իրավիճակում է հայտնվել միացված բարձրախոսի պատճառով

12:57 • 06.12.14

ԱՄՆ-ի պետդեպի խոսնակ Ջենիֆեր Փսակին հերթական ճեպազրույցի ընթացքում հայտնվել է բավական տհաճ իրավիճակում` միացված թողած բարձրախոսի պատճառով:

 

Ինչպես նշում է abcnews.go.com-ը, ճեպազրույցի ընթացքում Փսակին լրագրողներից մեկի խնդրանքով մեկնաբանել է Եգիպտոսի նախկին առաջնորդ Հոսնի Մուբարաքի դեմ «Արաբական գարնան» ժամանակ հարյուրավոր ցուցարարների սպանության մեղադրանքը չեղարկելու որոշումը, որը կայացրել է երկրի դատարանը:

 

«Մենք առաջվա պես անկողմնակալ ենք, ինչը հնարավորություն է տալիս քաղաքական կոնսենսուսի հասնել, որից կախված են Եգիպտոսի  տնտեսական աճն ու կայունությունը: Որևէ այլ մեկնաբանության համար կարող եք դիմել Եգիպտոսի կառավարությանը»-,-ասել է նա:

 

Սակայն լրագրողներին չի գոհացրել Փսակիի պատասխանը, որը, ըստ նրանց, եղել է «շատ թույլ, գրեթե անտարբեր»: Իսկ երբ ճեպազրույցն ավարտվել է, և դահլիճում լույսերը մարել են, Փսակին շրջվել է ու աշխատողներից մեկին ասել. «Եգիպտոսի վերաբերյալ պատասխանը ծիծաղելի ստացվեց»: