Լուգանսկում ադրբեջանցիներին պատկանող օբյեկտների վրա հարձակումներ են իրականացվում
Լուգանսկում (Ուկրաինա) զինյալ անձինք հարձակվել են այնտեղ բնակվող ադրբեջանցիների, նրանց պատկանող առևտրային օբյեկտների ու ռեստորանների վրա:
Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը՝ Լուգանսկի շրջանի ադրբեջանական համայնքի ղեկավար Թեբրիզ Ռասուլովին հղումով, անցյալ շաբաթ զինյալները հարձակվել են իրեն պատկանող առևտրային կետի վրա, վիրավորել են աշխատակիցներին և տարել են գույքը:
Միջադեպի պահին նա դեպքի վայրում չի եղել, ու չնայած ամեն ինչ առանց զոհերի է ավարտվել, նրան 200 հազար դոլարի վնաս է պատճառվել:
«Դրանից հետո Լենինի շրջանում հարձակում իրականացվեց 4 ռեստորանների ու սրճարանների վրա, որոնք ադրբեջանցիների էին պատկանում: Աշխատակիցների թվում վիրավորներ կան»,-ասել է նա:
Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան հյուպատոսական հարցերով առաջին քարտուղարը տեղեկացրել է, որ բոլոր այդ փաստերը դեսպանատունը քննելու է:
Նա նշել է, որ իրենք բազմիցս կոչ են արել մարտական գործողությունների տարածքում գտնվող ադրբեջանցիներին լքել տարածքը:










