Նաիրիտցիները կրկին բողոքի ցույց են անում՝ նախատեսելով նստացույց և փողոցի փակում (տեսանյութ)
15.05
Կառավարության դիմաց բողոքող «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին մոտեցավ գործարանի տնօրեն Ռուբիկ Սաղաթելյանը, ով խորհուրդ տվեց մոտենալ և հանդիպել վարչապետին, սակայն նաիրիտցիները չեն համաձայնում՝ ասելով, որ չեն հավատում վարչապետին, քանի որ նա ասել էր, թե այդ պարտքերն անհիմն են:
«Վարչապետը չի ասել, թե չենք տալու աշխատավարձերը: Ժողովո՛ւրդ, ձեր աշխատավարձերը տրվելու են»,-ասաց գործարանի տնօրենը:
«Մեր պահանջը մեկն է, մենք մեր փողերի տերն ենք, տվեք մեր 18 ամսվա աշխատավարձերը, և մենք կհեռանանք»,-շարունակում են պնդել աշխատակիցները:
14.38
Քիչ ավելի ուշ կրկին դուրս եկավ Ալեքսանդր Ղազարյանը և առաջարկեց հինգ հոգանոց խումբ կազմել և բարձրանալ վարչապետի մոտ, սակայն նաիրիտցիները չեն համաձայնում և շարունակում են պահանջել վարչապետին:
«Մենք եկել ենք վարչապետի դուռը, թող բարի լինի և իջնի»,-ասում են նրանք:
14.30
Ցույցի մասնակիցներին մոտեցավ Կառավարության՝ Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, սակայն աշխատակիցները չցանկացան զրուցել նրա հետ, շարունակեցին պահանջել վարչապետին:
14.10
«Աշխատավարձերի պարտքի մարում», «Նաիրիտը երկրի տնտեսության զարգացման երաշխիքն է» գրությամբ ցուցանակներով այս պահին գործարանի աշխատակիցները կառավարության շենքի դիմաց վանկարկում են «վարչապետ, իջի՛ր…»:
Բողոքող նաիրիտցիներին քիչ առաջ միացան նաև գործարանից երթով կառավարության մոտ գնացող աշխատակիցները:
14.04
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այս պահին հավաքված են ՀՀ կառավարության դիմաց և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից պահանջում են իրենց աշխատավարձերը:
Ինչպես Tert.am-ին տեղեկացրին Կառավարության շենքի դիմաց հավաքված աշխատակիցները, գործարանից երթով 700 հոգանոց խումբ շուտով կմիանա իրենց:
«Պատասխանատուներից ով ուզում է իջնի, մենք մեր աշխատավարձերն ենք պահանջում»,-ասաց աշխատակիցներից մեկը:
Վերջիններս նաև փոխանցեցին, որ նախատեսում են նստացույց անել և փողոց փակել: «Լավ կլինի, որ ղեկավարների աշխատավարձը չտա, փոխարենը բանվորների պարտքերը փակեն: Եթե վարչապետը 18 ամիս աշխատավարձ չստանա, ո՞նց ա յոլա գնալու»,-ասաց աշխատակիցներից Մհեր Մակարյանը:










