Եթե դատապարտվում է էթնիկ հանցագործությունը, բայց չի լինում հետևանքը, մարդը մնում է առանց իր հայրենիքի և փոշիանում է. պատմագետ
Պատմագետ Աշոտ Մելքոնյանը «Աշխարհն առանց ցեղասպանությունների» խորհրդարանական լսումների ժամանակ նկատեց, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման մոտեցումները պետք է փոխել, «քանի որ հիմնական նպատակին հասնելու համար խարխափումների մեջ ենք»:
Աշոտ Մելքոնյանը նշեց, որ 1948թ. ՄԱԿ-ի կողմից ընդունված «Ցեղասպանության դեմ» կոնվենցիան իր մեջ չի պարունակում կարևոր կետ. այնտեղ չկա հայրենազրկման հանցագործության դատապարտումը:
«Կոնվենցիայով դատապարտվում է մեկ էթնոսի նկատմամբ պետական հանցագործությունը, բայց դատապարտելի չէ, ազգին իր հայրենիքից զրկելու փորձը»,-ասաց նա:
Պատմաբանը նկատեց, որ առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան Թուրքիան իրականացրեց բնիկ ժողովուրդների բնաջնջում՝ Արևմտյան Հայաստանում հայերի, Փոքր Ասիայում հույների, ինչպես նաև ասորիների՝ իրենց հայրենիքում և իսլամ չընդունած եզդիների, որին բնաջնջումը շարունակվում է նաև այսօր, որին մասնակից է Թուրքիան:
Պատմագետը նկատեց, որ չպետք է ուշադրություն դարձնել այն մի քանի մարդկանց կողմից արված հայտարարություններին, որ Հայոց ցեղասպանություն տեղի չի ունեցել, ինչպես և հրեաները ուշադրություն չեն դարձնում այն փոքրաքանակ մարդկանց, ովքեր նույնպես ասում են, որ Հոլոքոստ չի եղել: «Չի կարելի նման հայտարարություններին անդրադառնալ, որովհետև դա իրողություն է, և բոլոր երկրներն էլ, որոնք չեն ընդունել Հայոց ցեղասպանությունը, նրանք էլ համոզված են, որ եղել է: Նույնիսկ Էրդողանն ապրիլի 24-ի իր ելույթում հաստատեց, որ իրենք էլ լավ գիտեն, որ եղել է»,-ասաց նա:
Դրա համար նա նկատեց, որ պետք է միջազգային ասպարեզում հայրենազրկման մասին որոշում ընդունելու ուղղությամբ ջանքեր գործադրել։
«Եթե դատապարտվում է էթնիկ հանցագործությունը, բայց չի լինում հետևանքը, մարդը մնում է առանց իր տան, առանց հայրենիքի և փոշիանում է»,-ասաց նա:










