ՌԴ ԱԳՆ. ԱՄՆ-ն չի թաքցնում, որ պատժամիջոցների նպատակը Ռուսաստանում իշխանափոխությունն է
ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների նպատակը Ռուսաստանում իշխանափոխության համար պայմանների ստեղծումն է: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Րյաբկովը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ, հաղորդում է ТАСС-ը:
«Այն, որ պատժամիջոցների նպատակը Ռուսաստանում իշխանափոխություն իրականացնելու համար սոցիալ-տնտեսական պայմանների ստեղծումն է, փաստացիորեն չի թաքցվում»,- ասել է նա:
Րյաբկովի խոսքով՝ Ռուսաստանը հանգիստ է վերաբերում ԱՄՆ-ի հետ հարաբերություններում իրավիճակին, ձեռնարկվում են պատասխան միջոցներ:
«Մենք նյարդայնություն չենք զգում այդ կապակցությամբ, գործում ենք համաչափ»,- ասել է նա:
ԱՄՆ պատժամիջոցների հետ կապված իրավիճակից դուրս գալու համար հարկավոր կլինի երկար տարիներ, կարծում է Րյաբկովը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ու արևմտյան մի շարք երկրներ պատժամիջոցներ են սահմանել ՌԴ-ի դեմ՝ Ուկրաինայի հարցում իր դիրքորոշման համար։










