Ոստիկանության Տարոնի բաժնում նսեմացրել են քաղաքացուհուն, ով արդյունքում ինքնասպանության փորձ է կատարել. ՀՔԾ
Վանաձոր քաղաքի բնակչուհի Անի Բ.-ն հայտնել է, որ 2014թ. նոյեմբերի 11-ին ոստիկանների ուղեկցությամբ գնացել է ոստիկանության Տարոնի բաժին, որտեղ պաշտոնատար անձինք իր նկատմամբ կիրառել են հոգեբանական ճնշումներ, նսեմացրել են արժանապատվությունը, ծաղրել և անձնական բնույթի վիրավորանքներ են հասցրել, ինչի արդյունքում ինքը տվել է համացանցով այլ անձին վերաբերող պոռնկագրական նյութեր տարածելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող խոստովանական ցուցմունք:
Այնուհետև, մի քանի օր անց դրանից դրդված՝ նա կատարել է ինքնասպանության փորձ:
Քաղաքացի Անի Բ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայության կայքը և տեղեկացնում, որ կատարվում է նախաքննություն:










