Մեկնարկել է հայ-ռուս բարեկամական ակումբի 8-րդ նիստը. քննարկումներն անցկացվում են ռուսերենով

14:34 • 09.12.14

«Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը. արձագանքը համաշխարհային մարտահրավերներին» թեմայով հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի 8-րդ նիստին ՀՀ ԱԺ պատգամավորներից միայն ներկա են «Հանրապետական» խմբակցության պատգամավորները:


Նիստը ընթանում է ռուսերեն լեզվով և դեմ արտահայտվողներ չկան, չնայած որ հայտարարվեց, որ զեկուցողներն ազատ են լեզվի ընտրության հարցում: 


ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հայտարարեց, թե  հայ հասարակությունը լիարժեք սատարում է Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Ըստ նրա՝ իշխանություններն էլ իրենց հերթին գիտեն՝ ինչ ակնկալիքներով են միանում:


Նա շեշտեց, որ ԵՏՄ-ին  անդամակցությունը կարևոր է Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից:


Կովկասի և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող, «Կովկասյան համագործակցություն» ընկերության տնօրեն Նիկոլայ Սիլաևը համաձայնեց, որ եթե ԵՏՄ-ում չհամատեղվեին անվտանգությունն ու տնտեսական շահերը, ապա այն կկորցներ իր արժեքը:  Տնտեսական մասով նա շեշտեց, ՌԴ-ն ՀՀ-ի համար առևտրային խոշոր գործընկեր է: 


Անդրադառնալով այն պնդումներին, թե ԵՏՄ-ին անդամակցությունը հարված է ՀՀ  ինքնիշխանությանը, ապա Նիկոլայ Սիլաևն ասաց, թե ցանկացած ինտեգրացիայի դեպքում  երկիրը որոշակիորեն կորցնում է իր սուվերենությունը:


Ռուս ներկայացուցիչը խոսեց նաև առավելությունների մասին. միությունը նոր է ձևավորվում, և այն երկրները, որոնք միանում են ԵՏՄ-ին, ունեն բանակցային գործընթացը ծավալելու ավելի լայն հնարավորություն, քան Եվրամիության դեպքում, և կա հնարավորություն ազդելու բանակցային գործընթացի ժամանակ:

«Այսինքն՝ մասնակցում են առաջարկի մշակմանը և ոչ թե փաստի առջև կանգնում»,-ասաց նա: