Սաուդյան Արաբիայի իրավապաշտպանները կոչ են արել ազատ արձակել մեքենա վարելու համար ձերբակալված կանանց

09:57 • 09.12.14

Սաուդյան Արաբիայի ակտիվիստները երկուշաբթի դիմել են երկրի թագավորին՝ խնդրելով ազատ արձակել երկու կանանց, որոնք ավտոմեքենա են վարել առանց համապատասխան պայմաններն ապահովելու, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:

 

Աբդուլլահ թագավորին դիմողները նշել են, որ կանայք Արաբական Միացյալ Էմիրությունների վարորդական իրավունքներ ունեն և դեկտեմբերի 1-ին ձերբակալվել են ԱՄԷ-ի ու Սաուդյան Արաբիայի սահմանին: Պաշտպանների խոսքով՝ կանանց խաբել են ու ձերբակալել: Կիրակի նրանց կալանքի ժամկետը երկարաձգվել էր մինչև դեկտեմբերի 25-ը:

 

Կանանցից մեկը՝ Լուջաին Խաթլուլը, նկարահանել է իրեն մեքենա վարելու ընթացքում: Տեսագրությունը Youtube-ում ավելի քան մեկ մլն դիտում է ունեցել:

 

Սահմանը հատելու ժամանակ սահմանապահները վերցրել են նրա անձնագիրը՝ հարկադրելով գիշերել մեքենայում: Սաուդյան Արաբիայի ևս մեկ քաղաքացի՝ Մայսա Ամուդին, ում մշտական բնակության վայրն ԱՄԷ-ն է, եկել է Խաթլուլի մոտ՝ բերելով սնունդ ու տաք հագուստ:

 

Համաձայն ակտիվիստների տվյալների՝ կանանց խնդրել են մեքենան վարել դեպի Սաուդյան Արաբիայի տարածք: Նրանք էլ մտածել են, թե դա անհրաժեշտ է շրջադարձ կատարելու համար, որպեսզի վերադառնան ԱՄԷ: Սակայն սահմանապահները ձերբակալել են նրանց:

 

Սաուդյան Արաբիայում կանայք կարող են մեքենա վարել միայ 30 տարեկանը լրանալուց հետո՝ ստանալով արական սեռի ազգականների թույլտվությունը: Կանանց նաև արգելվում է մեքենա վարել երեկոյան ժամը ութից հետո, ինչպես նաև ղեկին նստելուց առաջ դիմահարդարվել: