Պայմանագրային զինծառայողի 12-ամյա դուստրը արտասահմանում բուժվելու կարիք ունի, բայց ֆինանսական միջոցներ չկան

22:07 • 11.12.14

Պայմանագրային զինծառայող Մխիթար Ալումյանի աղջիկը՝ 12-ամյա Կարինե Ալումյանը, առողջական խնդիրներ ունի, նա չի կարողանում քայլել: Tert.am-ի հետ զրույցում աղջկա մայրը՝ Շուշան Նասիբովան, նշեց, որ երեխայի բուժման համար մեծ միջոցներ են հարկավոր, ինչը իրենք չունեն, 5 անչափահաս երեխային դժվարությամբ են մեծացնում սոցիալապես ծանր պայմաններում ապրելու պատճառով: Ինքը՝ Շուշանը, չի աշխատում, որպեսզի երեխաներին խնամի, իսկ ամուսնու վաստակածը չի բավարարում ընտանիքի բոլոր կարիքների, այդ թվում՝ երեխայի բուժումն իրականացնելու համար:

 

«Երեխաս տանջվում է, մենք, որպես ծնող, չենք կարողանում մեր այն խոստումը պահել, որ շուտով քայլելու է, որովհետև անզոր ենք: Իսկ վերնախավը իր խոստումը չի պահում, որովհետև անտարբեր են: Աղաչում եմ՝ օգնեք երեխայիս, մեզ մենակ մի´ թողեք»,-ասաց նա:


Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտել էր Tert.am-ը, 12-ամյա Կարինե Ալումյանը լուրջ հոդային խնդիրներ ունի, ոտքերն ու ձեռքերը ուռչում են: Նրա մայրը՝ Կարինե Նասիբովան, տեղեկացրել էր, որ Հայաստանում չեն կարողանում հիվանդությունը հստակ ախտորոշել:

 

Հիշեցնենք նաև, որ շուրջ երկու տարի առաջ Մխիթար Ալումյանը, ով հեռացվել էր ոստիկանության շարքերից, նախագահական նստավայրի դիմաց ինքնահրկիզման փորձ էր արել՝ սոցիալական ծանր պայմաններից դրդված: 5 անչափահաս երեխայի հայրը պահանջում էր ոստիկանությունում արտաժամյա աշխատանքի դիմաց իր 2,5 մլն դրամը:

 

Նրան և՛ նախագահականում, և՛ ոստիկանությունում խոստացել էին աջակցել աշխատանք գտնելու և հիվանդ աղջկա բուժօգնության հարցում։


«Ամուսինս հիմա դիրքերում է ու այս վերջին վեց ամսվա ընթացքում բազմիցս զեկուցագրեր է հրել պաշտպանության նախարարին՝ օգնություն ստանալու համար: Գնդի հրամանատարությունն ստորագրել է ու ուղարկել կորպուս, սակայն այնտեղ կորել է: Բայց խնդիրն այն է, որ անբարեխիղճ ու անմարդկային որոշ զինծառայողներ Վանաձորի կորպուսից ամուսնուս զեկուցագիրը նախարարություն չեն ուղարկել, որ ուղարկեին, հաստատ Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովը անտարբեր չէին մնա երեխայի բուժման հարցում: Իսկ հիմա բոլորն էլ անտարբեր են»,-ասաց երեխայի մայրը:


Նա, միաժամանակ, ընդգծեց, որ իր տված խոստումը պահում է միայն առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ու մինչ օրս անվճար դեղեր է տրամադրում:


«Բայց նրանք ժողով են արել ու մեզ նամակ ուղարկել, որ իրենք չեն կարող մեր երեխային արտասահման ուղարկել, որ բուժվի, քանի որ ֆինանսական միջոցներ չունեն: Այժմ մենք ոտ ու ձեռք ենք, որ հովանավոր գտնենք»,-ասաց նա: